Արմինֆո. Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ 32-կիլոմետրանոց հատվածի վերակառուցման նախագիծը ստացել է պետական համալիր փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծծառայությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ Քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։
Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվել է միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։
Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, որոնք իրենց պարզաբանումներով մեծապես աջակցել են հանձնաժողովի աշխատանքներին:
"Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա կրճատել իրանական սահմանից մինչեւ վրացական սահման հեռավորությունը՝ 556 կմ-ից մինչեւ 490 կմ: Ճանապարհը էապես կհեշտացնի դեպի Սեւ ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար։ Նախագիծը ելք կապահովի դեպի Սեւ ծով եւ դեպի եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի-Կապան - Գորիս-Երեւան - Աշտարակ-Գյումրի - Բավրա) եւ Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է բարձրացման ուղղությամբ։ Մինչդեռ, 2012-ի սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար։
2021 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը հաստատել է այդ ներդրումային ծրագիրը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում. Տրանշ-4 - ի և նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները և տվել Սյունիքի մարզի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրի իրականացման մեկնարկը: Ծրագրի արժեքը միայն շինարարական մասով կկազմի, նախնական տվյալներով, շուրջ 1.5 մլրդ դոլար: Դրա իրականացումը նախատեսում է ակտիվ համագործակցություն ՀՀ միջազգային գործընկերների հետ:
2022 թվականի փետրվարի 17-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ Հայաստանը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի նախնական որակավորման մրցույթ է հայտարարել: Ճանապարհի իրականացման համար հատկացվում է 6 տարի, ծրագրվում է 100 կմ / ժ հաշվարկային արագությամբ II տեխնիկական կարգի նոր ճանապարհի կառուցում, որի ընդհանուր երկարությունը մոտ 60 կմ է, այդ թվում ՝ 4,7 կմ կամուրջներ եւ թունելներ ՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ, որոնցից ամենաերկարը՝ Բարգուշատի թունելը, կունենա 8,6 կմ երկարություն: Արդյունքում՝ հնարավոր կլինի մոտ 58 կմ-ով կրճատել Սիսիան - Քաջարան ճանապարհի երկարությունը, 50 կմ/ժ-ով ավելացնել միջին արագությունը, սահմանել այն 100 կմ/ժ-ի սահմաններում, կրճատել ճանապարհի ժամանակը մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: