
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության հրավերով փետրվարի 22-ից 25-ը գտնվում էր Ժնևում։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ Ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի 84-րդ նստաշրջանին, ինչպես նաև վերջինիս շրջանակներում կազմակերպվող Եվրասիական տնտեսական միության՝ Եվրո-ասիական տրանսպորտային կապերի զարգացման թեմայով կլոր սեղան-քննարկմանը և հանդես է եկել ելույթով։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև եվրասիական տնտեսական միջանցքների զարգացման ուղղությամբ տարվող քայլերը։
Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ տրանսպորտի ոլորտում եղած կոնվենցիաներին Հայաստանի միանալու հարցը։ Օլգա Ալգաերովան, պայմանավորվածության համաձայն, մասնագիտական աջակցություն կտրամադրի հայկական կողմին՝ ճանապարհային անվտանգության ռազմավարություն մշակելու նպատակով։
Ժնևում կայացած հանդիպումների արդյունքում ընդունվել է նախարարական բանաձև, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ՄԱԿ-ի ներքին տրանսպորտի կոմիտեն մասնագիտական աջակցություն կցուցաբերի հայկական կողմին տրանսպորտի ոլորտում մասնագիտական հմտությունների բարելավման ուղղությամբ։