Հինգշաբթի, 3 Մարտի 2022 12:20
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Կատալոնիան քննարկում են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Կատալոնիան քննարկում են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Բարսելոնայում մասնակցել է փետրվարի 28-ից մարտի 2-ն անցկացված Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսին (Mobile World Congress): Կոնգրեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

 

ԲՏԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության համաձայն, մարտի 1-ին դեսպան Սոս Ավետիսյանն այցելել է Կոնգրես, նախարարի տեղակալ Դ. Սահակյանի հետ շրջել Հայաստանի տաղավարով, ծանոթացել հայկական ստարտափ ընկերությունների ծրագրերին և գաղափարներին, քննարկել իսպանական շահագրգիռ կառույցների հետ համագործակցության հեռանկարները։

 

Նույն օրը նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպում են ունեցել Կատալունիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ: Հանդիպմանը քննարկվել է տեղի և հայկական ընկերությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

 

Հիշեցնենք, որ Mobile World Congress-ը բջջային ինդուստրիայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է աշխարհում, որին մասնակցում են բջջային կապի օպերատորներ, վաճառողներ եւ կոնտենտի տերեր ամբողջ աշխարհից: Սովորաբար ցուցահանդես այցելում է ավելի քան 100 հազար մարդ։ Կոնգրեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.  բջջային նորարարություններ, բջջային հավելվածների մշակում, բաց բջջային համակարգեր, բջջային ինտերնետ և բջջային ժամանց։