Հինգշաբթի, 3 Մարտի 2022 18:06
Նաիրա Բադալյան

Ամեն ինչ վերահսկողության տակ է. ՄՊՀ նախագահը՝ Զատիկի նախաշեմին հավկիթի շուկայում գների հնարավոր տատանումների մասին

Ամեն ինչ վերահսկողության տակ է. ՄՊՀ նախագահը՝ Զատիկի նախաշեմին հավկիթի շուկայում գների հնարավոր տատանումների մասին

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ գների անտրամաբանական անկմանը:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է նաև, թե ինչպես է կառավարվելու իրավիճակը, որ, օրինակ, Սրբ. Զատկի տոնին անցյալ տարվա իրավիճակը չլինի:

Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել թեմայի վերաբերյալ. «Այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայաձև ռեակցիա է եղել: Այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղեր ևս գինն սկսել է իջնել, և շղթայական ռեակցիա է տեղի ունեցել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել:

 

Ինչ վերաբերում է Զատկին կամ ընդառաջ՝ եթե մենք կարողանում ենք վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ պատմությունը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք վերահսկել, որովհետև 2 տարվա ընթացքում, կարծում եմ, մեր հարգելի տնտեսվարող սուբյեկտները հասկացան, որ մեր ապացուցողական բազան բավական լավն է, և հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի գործերը հաջողությամբ կարծես թե ավարտեցինք: Իհարկե, դա ցանկալի սցենար չէ, մեր հորդորն այն է, որ ընդհանրապես ինտերվենցիայի կարիք չունենանք: Հիմա Հայաստանում կա, մի կողմից, լավ իրավիճակ, որ ձվի պաշարների ինքնաբավությունը բարձր է, և ունենք պրոֆիցիտ, այդ պոտենցիալի պատճառով է, որ հաճախ սպառումը տեղի չի ունենում, և տնտեսվարողներն սկսում են գինն իջեցնել: Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելու հարցը, այսինքն՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»:

 

Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրին. «Եթե թույլ տաք, նաև հավի մսի և տավարաբուծության հետ կապված երկու թիվ հնչեցնեմ՝ այս ծրագրի կարևորությունը մատնանշելու համար: Մենք այս տարի ուսումնասիրել ենք հավի մսի և կաթնամթերքի շուկաները: Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում: Հիմա աշխարհագրությունը ՀՀ-ում փոխվել էր, և ներմուծման հիմնական ծավալը գալիս էր Ուկրաինայի Հանրապետությունից, հասկանալի պատճառներով հիմա կփոխվի ԱՄՆ և Բրազիլիա: Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել - շատ կարևոր հանգամանք է - և՛ արտադրողներին, և՛ ներմուծողներին: Սա ևս աննախադեպ բան է, երբ մենք՝ կառավարությունը, արտադրողներին քվոտա է տվել: Կարծում եմ՝ այս ծրագիրը պետք է բավական հասկանալի լինի տնտեսվարող սուբյեկտների համար, որ հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր իրականում չկա. Հայաստանի Հանրապետությունն ինքնաբավության մակարդակով 30-33 տոկոս է, և այս ծրագրերի նույնիսկ ամբողջական օգտագործման պարագայում մենք ունենք սպառման տեղ, իսկ բիզնեսում ամենակարևորը սպառումն է: Նույնը կաթնամթերքի առումով է, որ մեր ներքին դեֆիցիտը կարողանանք ծածկել»: