Հինգշաբթի, 3 Մարտի 2022 19:48
Նաիրա Բադալյան

Մհեր Գրիգորյանն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ արտադրություններ ստեղծելու հնարավորությունը

Մհեր Գրիգորյանն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ արտադրություններ ստեղծելու հնարավորությունը

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորություններին և նշել է, որ Հայաստանը, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:

 

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ԻԻՀ նախարարին բիզնեսի ընդլայնմանն աջակցելու և արտահանումը խթանելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առկա գործիքակազմը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: