
Արմինֆո. Հայաստանի ազգային ժողովը մարտի 4-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 5-րդ անդամին: Դա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լևոն Սահակյանն է։
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70 - ը, թեկնածությունը պաշտպանել է 69-ը, 1-ը դեմ է արտահայտվել: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Լեւոն Սահակյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը:
Լևոն Սահակի Սահակյանը (1984 թ., ք. Երևան), 2006 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության ֆինանսական ֆակուլտետը, տ. գ. թ. 2015 թ. - ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ: Աշխատել է մասնավոր հատվածում՝ որպես գլխավոր հաշվապահ, տնօրենի ֆինանսական գծով տեղակալ և խորհրդական, տարբեր ՍՊԸ-ների գործադիր տնօրեն: 2019 թվականից աշխատանքային գործունեություն է սկսել ԱԺ-ում, նախ, որպես փոխնախագահի խորհրդական, ապա՝ պատգամավորի օգնական։ 2021 թվականի օգոստոսից զբաղեցրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, իսկ անցյալ տարվա սեպտեմբերից ՝ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Նշենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող այլ պաշտոններ զբաղեցնել կենտրոնական բանկում: