
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Վիկտոր Քլարկին։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրին, շեշտել է, որ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև համագործակցությունը՝ հատկապես կանաչ տրանսպորտի և կլիմայական փոփոխությունների հարցերում, առանցքային նշանակություն ունի։
Փոխդեսպանը , անդրադառնալով Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովի շրջանակներում 197 երկրների միջև կնքված կլիմայի փոփոխության մասին դաշնագրին, նշել է, որ բրիտանական կողմը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու զարգացող երկրներում արտանետումների մակարդակի նվազեցման ծրագրերին։
Փոխնախարարի խոսքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որդեգրել է բարեփոխումների ծրագրերի իրականացման քաղաքականություն, որը կոչված է ապահովելու Հայաստանի անցումը կայուն տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին։
Վիկտոր Քլարկը հետաքրքրվել է ոլորտում առկա խնդիրների, նոր լիցքավորման կայանների կառուցման անհրաժեշտության և Միացյալ Թագավորության հնարավոր աջակցության մասին, որը կնպաստի Հայաստանում կայուն տրանսպորտային համակարգի ներդրմանը։ Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը կարևորել է կայուն տրանսպորտի քանակի ավելացմանը միտված քաղաքականության մշակումը, որը կխթանի նաև նոր լիցքավորման կայանների կառուցումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ առևտրային և ներդրումային կապերի դիվերսիֆիկացմանն ու զարգացմանը ուղղված հարցեր։