
Արմինֆո. 2022 թվականի հունիսի 1-3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:
«Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության լիազոր մարմինների ներկայացուցիչներից անմիջապես տեղեկանալ իրենց երկրներում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակի, նախաձեռնվող քայլերի վերաբերյալ։ Նիստի Հայաստանում կազմակերպումը էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանը ու նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչն էլ կնպաստի Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը, ճանաչելիության բարձրացմանն ու ՄԱԿ ԶՀԿ այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ ունի, որի կենտրոնակայանը գտնվում է Իսպանիայում: ՄԱԿ ԶՀԿ-ի կազմում ընդգրկված է 159 երկրիր: ՄԱԿ ԶՀԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինը Գլխավոր ասամբլեան է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստան է այցելել 870 308 զբոսաշրջիկ, ինչը 2,4 անգամ ավելի է մեկ տարի վաղեմության ցուցանիշից (2020թ. 80,2 տոկոս անկման դիմաց)։ Հիմնականում, իրենց հանգիստը Հայաստանում նախընտրում էին կազմակերպել ՌԴ քաղաքացիները՝ 350.5 հազար զբոսաշրջիկ (տարեկան 2.5 անգամ աճ), Իրանի՝ 91.1 հազար զբոսաշրջիկ (աճը ՝ 5 անգամ), Վրաստանի՝ 70.6 հազար զբոսաշրջիկ (աճը ՝ 23.5 տոկոս), ԱՄՆ-ի՝ 31.6 հազար զբոսաշրջիկ (աճը՝ 5,4 անգամ), Ուկրաինայի՝ 22.3 հազար զբոսաշրջիկ (աճը ՝ 3,5 անգամ), Հնդկաստանի՝ 17.9 հազար զբոսաշրջիկ (աճ 6.2 անգամ), Ֆրանսիայի՝ 14.3 հազար զբոսաշրջիկ (աճ 4.9 անգամ), Գերմանիայի՝ 11.9 հազար զբոսաշրջիկ (աճ 5.7 անգամ), Նիդերլանդների՝ 7.5 հազար զբոսաշրջիկ (աճ 3,6 անգամ), Բելառուսի՝ 7.2 հազար զբոսաշրջիկ (աճ 3,1 անգամ) քաղաքացիները: