Հինգշաբթի, 10 Մարտի 2022 11:43
Ալինա Հովհաննիսյան

Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրմամբ

Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրմամբ

Արմինֆո. Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆ բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ Դոհայում կայացած հանդիպումից հետո։

 

«Երկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Առաջին հանդիպումը Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ էր։  Քննարկել ենք պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները եւ Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», - գրել է էկոնոմիկայի նախարարը։

 

Նշենք, որ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Կատար արտահանման ծավալը կազմել է ընդամենը 314.4 հազար դոլար, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 68.5 տոկոսով: Ընդ որում, հայկական արտահանման առյուծի բաժինը (92,4 տոկոս) բաժին է ընկել կենդանի ոչխարների եւ այծերի մատակարարումներին։ Հաշվետու ժամանակահատվածում Կատարից Հայաստան ներկրվել է 68.5 հազար դոլարի արտադրանք՝ 71.7 տոկոս տարեկան անկումով։ Ընդ որում, ներմուծման 93 տոկոսը բաժին է ընկել պոլիէթիլենին։