Երկուշաբթի, 14 Մարտի 2022 16:08
Նաիրա Բադալյան

Ավիահաղորդակցություն լինելու է. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդում է ՌԴ-ից ավիահոսքի ակտիվացման մասին  

Ավիահաղորդակցություն լինելու է. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդում է ՌԴ-ից ավիահոսքի ակտիվացման մասին   

Արմինֆո.Ռուսաստանից Հայաստան ամեն օր իրականացվող չվերթների քանակը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում: Թե ինչպես են ՌԴ ավիաընկերությունների նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն ազդել Հայաստանի օդային փոխադրումների վրա՝ ուսումնասիրել է ԱրմԻնֆո-ն։

 

Մի ընտանիքի պատմություն.

 

Աննան ընտանիքի հետ Ռուսաստանից ժամանել է մարտի 7-ին՝ "Աէրոֆլոտի" վերջին չվերթով։ "Տոմսերի գները աստղաբաշխական էին, բայց ցանկանում էի ծնողների մոտ, այնուամենայնիվ, նրանց հետ միշտ ավելի հանգիստ է", - նշում է նա: Մոտ 10 տարի ապրում են Մոսկվայում եւ ամեն տարի գալիս են ծնողներին հյուր՝ ամառային արձակուրդներին: Այս անգամ խախտել են "ավանդույթը", "իսկ՝ եթե Հայաստանի հետ Ռուսաստանի օդային հաղորդակցությունը նույնպես դադարեցվի"։ Այժմ ընտանիքն արդեն մտածում է վերադառնալու մասին, հարցն այն է, թե՝ երբ։ "Կցանկանայինք ավելի երկար հյուրընկալվել, սակայն անհանգստանում ենք, որ, ձգձգելով վերադարձը, կարող ենք չհասցնել, ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը կդադարի", - անհանգստանում է Աննան:

 

"Ցամաքում" ճգնաժամը հանգեցրել է ճգնաժամի "օդում"

 

Ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ սահմանված պատժամիջոցների ֆոնին ռուսական ավիաընկերություններն այժմ հայտնվել են շատ բարդ իրավիճակում. բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, շատ ուղղություններ փակ են: Դեռ մեկ ամիս առաջ դեպի Հայաստան թռիչքներ էին իրականացնում մի քանի ավիաընկերություններ՝ տարբեր օդանավակայաններից։ Դրանց թվում էր Ռուսաստանի խոշորագույն ավիափոխադրող "Աէրոֆլոտը", "Ուրալյան ավիաուղիները", S7-ը, որոնց բաժին էր ընկնում ավիաշուկայի առյուծի բաժինը, նաեւ՝ այլ ավիափոխադրողներ: Այսօր նրանք դադարեցրել են չվերթների իրականացումը՝ եվրոպական ընկերությունների ինքնաթիռների Լիզինգի հետ կապված խնդիրների պատճառով։

 

Միաժամանակ, ինչպես հաղորդել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում, մի շարք ավիաընկերություններ՝ Red Wings-ը, "Ազիմուտը", "ԻրԱերո"-ն, "Իկարը", Nordwind-ը, Utair-ը հայտարարել են դեպի Երեւան թռիչքների ավելացման մասին, ընդ որում՝ ռուսական տարբեր քաղաքներից: Հայաստան կարելի է հասնել նաև հայկական ավիաուղիներով, մասնավորապես, Fly One Armenia, Armenia, Armenia Airways, "Շիրակ Ավիա" ("Տարոն Ավիա"դուստր ընկերություն) ավիաընկերությունների  չվերթներով: Վերջինս թռիչքներ է իրականացնում Գյումրիի օդանավակայանից։ Արդյունքում՝ "հետպատժամիջոցային շրջանում" ամեն օր իրականացվող չվերթների քանակն ավելացել է գրեթե կրկնակի՝ նախորդ օրը դրանք եղել են 24, նախօրեին՝ 22։

 

Թռիչքն արդեն անցնում է ոչ թե Ռուսաստանի հարավով, որի երկինքը անվտանգության ապահովման նկատառումներով փակ է։  Այդ պատճառով թռիչքի տևողությունն ավելացել է մոտ 1 ժամ 20 րոպեով. նախկինում Ռուսաստանի մայրաքաղաքից "Զվարթնոց" միջազգային օդանավակայան կարելի էր հասնել մոտ 2 ժամ 40 րոպեում։ Այժմ թռիչքը տեւում է մոտ չորս ժամ։

 

Հայկական փոխադրողների ծրագրերը

 

Armenia ավիաընկերությունում դժվարացել են նշել իրականացվող չվերթների ճշգրիտ քանակը, հայտարարելով, որ ամեն ինչ կախված է տվյալ ժամանակահատվածի պահանջարկից: Ընդհանուր առմամբ, դեպի Ռուսաստանի մայրաքաղաք իրականացվող չվերթների քանակն ավելացել է 10-15 տոկոսով։ Ընկերությունը նաև չարթերային թռիչքներ է իրականացնում դեպի Սանկտ Պետերբուրգ։ Ավելի վաղ ընկերությունը թռիչքներ էր իրականացնում դեպի Միներալնիե Վոդի և Վորոնեժ։ Այսօր ավիափոխադրողը զբաղվում է շուկայի ուսումնասիրությամբ և ավիապարկի համալրման մասին պատրաստ չէ խոսել։

 

FlyOne Armenia ավիաընկերությունը մարտի 1 - ից սկսել է կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երեւան - Մոսկվա-Երեւան ուղղությամբ: Արդեն այսօրվանից՝ մարտի 14-ից, դեպի Մոսկվա կանոնավոր չվերթները շաբաթական երկուսից հասցրել են 5-ի։ Ավիաընկերությունը մտադիր է ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Սանկտ Պետերբուրգ, իսկ ՌԴ ավիացիոն իշխանությունների սահմանափակումների չեղարկումից հետո՝ նաև դեպի Ռուսաստանի հարավ։

 

Ինչպես վկայում են ավիատոմսերի վաճառքի առցանց հարթակները, այսօրվա դրությամբ տոմսերի գները պակաս "խայթող" են դարձել: Իրենք ՝ փոխադրողները, նշում են գների կայունացման միտում։ Եթե ռուս-ուկրաինական սրացումից անմիջապես հետո Մոսկվայից դեպի Երեւան տոմսերի գները բարձրացել էին մինչեւ 150 հազար ռուբլի, ապա, ըստ "Ավիասեյլս" ավիատոմսերի որոնման առցանց ծառայության, Մոսկվայից դեպի Երեւան ուղիղ չվերթի էկոնոմ դասի ավիատոմսը (ուղեբեռով) վաղը, մյուս օրը արժե մոտ 16-35 հազար ռուբլի, իսկ նույն պայմաններով ամենաթանկ տոմսը՝ 93 հազար ռուբլի: Հակառակ ուղղությամբ տոմսերն արժեն 15 հազար ռուբլուց մինչև 42 հազար ռուբլի։