Ուրբաթ, 18 Մարտի 2022 17:49
Նաիրա Բադալյան

ԵԱՏՄ-ը փուլ առ փուլ կանցնի ազգային արժույթներով հաշվարկների

ԵԱՏՄ-ը փուլ առ փուլ կանցնի ազգային արժույթներով հաշվարկների

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել փուլ առ փուլ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու վերաբերյալ: Այդ մասին "Ռոսիա-24" հեռուստաալիքի եթերում հաղորդել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

 

"Շատ կարեւոր հարցը, որը քննարկվել է (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում), դա ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցն է։ Այլ կերպ ասած՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով, որոնք ամրագրված են միության պայմանագրով, և, համապատասխանաբար, հայտնվում են համապատասխան երկրների բյուջեներում։ Նախկինում այդ ամենը տեղի է ունեցել արտարժույթի օգտագործմամբ։ Այսօրվա դրությամբ պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին", - ասել է Ռուսաստանի նախարարը։

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձին կարեւորություն է ներկայացնում այն, որ ՌԴ-ի մաքսի հիմնական հաշվարկը ռուբլով է: "Դրանով մենք ձեռնամուխ ենք եղել միասնական ռուբլու տարածքի ձեւավորմանը", - պարզաբանել է Ռեշետնիկովը:

 

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը: