Հինգշաբթի, 24 Մարտի 2022 16:49
Նաիրա Բադալյան

Հայաստանն օպտիմալացնում է վերահսկողությունը պետական սահմանին եւ ներդնում "մեկ պատուհանի" սկզբունքը

Հայաստանն օպտիմալացնում է վերահսկողությունը պետական սահմանին եւ ներդնում "մեկ պատուհանի" սկզբունքը

Արմինֆո. ՀՀ սահմանային կետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, էականորեն կկրճատվեն սահմանի հատման ժամկետները:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, մարտի 24-ի նիստում գործադիրի հավանությանն են արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

 

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանում նախատեսվում է տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողության օպտիմալացում և «մեկ պատուհան» սկզբունքի ներդրում: «Այս պահին պետական սահմանում հինգ մարմին է ներկայացված՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ, Ոստիկանությունը և տրանպսորտային գործառույթի մասով՝ նախատեսվել էր նաև այդ տեսչական մարմնի ներկայությունը: Փոփոխություններից հետո, սահմանային կետում կմնա երկու մարմին՝ մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով, կիրականացնեն հսկողությունը սահմանային կետում: Մասնավորապես՝ մաքսային մարմինը կիրականացնի, բնականաբար, մաքսային գործառույթները, իսկ ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը: ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս պետական մարմինների գործառույթները կրկին վերաբաշխվում են այս երկու պետական մարմինների միջև: Նպատակը հետևյալն է՝ անձը փաստաթղթերի փաթեթը հանձնի պետական մեկ մարմին և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետն անցնելիս դիմել տաբեր պատուհանների փաստաթղթերի նույն փաթեթով: Կիրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողությունը, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից»,-ասել է ՊԵԿ նախագահը:

 

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված երկու որոշումներին, որոնք վերաբերել են նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։ «Թե՛ զեկուցվող, թե՛ չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նախնական հայտարարագրման համակարգն աշխատացնելիս ի՞նչ իրավիճակ ունեինք և ի՞նչ իրավիճակ ունենք: Սահմանային կետ հասնելուն պես, տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթներն իրականացվում էր տերմինալում: Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։ Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանքներ են տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի և ժամանակի խնայողություն տնտեսվարողների համար։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,- ասել է ՊԵԿ նախագահը։