Ուրբաթ, 1 Ապրիլի 2022 11:55
Նաիրա Բադալյան

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում գազի նոր սակագները

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում գազի նոր սակագները

Արմինֆո. Ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագներից հետո՝ ապրիլի 1- ից Հայաստանում բարձրացել է բնական գազի սակագինը՝ շարքային սպառողների համար մեկ խորանարդ մետրի դիմաց 4,7 դրամով՝ մինչեւ 143,7 դրամ:

 

Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին նիստում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցի քննարկման ընթացքում:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

 

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

 

2) Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

 

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

 

4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

 

5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։