
Արմինֆո.ՀՀ կառավարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) կմասնակցի "Պարսից ծոց - Սև ծով" տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների 6-րդ փուլին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները ապրիլի 5-7-ը գործուղվելու են Բուլղարիա՝ մասնակցելու "Պարսից ծոց-Սև ծով միջազգային և տարանցիկ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին" նախագծի փորձագետ-բանակցողների 6-րդ հանդիպմանը:
Դեռևս 2021 թվականի հոկտեմբերին Իրանի առևտրի աջակցման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Պակը հայտարարել էր առևտրային միջանցքների հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ծրագրերի մասին։ Isna-ի համաձայն, այն երկրներից մեկը, որտեղ պետք է ընդլայնվի Իրանի արտահանումը, Ռուսաստանն է։ Անդրադառնալով առևտրային միջանցքների առավելագույն օգտագործման ծրագրին՝ ԻՐանի ներկայացուցիչը ընդգծել էր. "Իրանական ապրանքների փոխադրումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով միշտ խնդրահարույց է եղել, խնդիրները խորացել են տարվա ցուրտ եղանակին, այդ կապակցությամբ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինելու տարբերակները":
Փետրվարի սկզբին, ըստ mehrnews - ի, Իրանի տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին լրագրողներին հաղորդել էր, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի միջեւ "Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին համաձայնագրի" շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են: "Բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսվում է անցկացնել Սոֆիայում՝ ապրիլ-մայիսին, եւ այդ ժամանակ համաձայնագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման համար: