Հինգշաբթի, 7 Ապրիլի 2022 19:39
Նաիրա Բադալյան

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցություն կտրամադրվի ևս 11 ամիս

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցություն կտրամադրվի ևս 11 ամիս

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, 2021 թ. փետրվարի ամսից տրամադրվող սոցիալական օգնությունը կշարունակվի նաև 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին: Հիմնավորման համաձայն, առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է և դեռևս չեն լուծվել նրանց սոցիալական, այդ թվում՝ բնակարանային խնդիրները։ Ըտ այդմ՝ ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի ևս 11 ամիս:

 

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվի այդ ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր