Ուրբաթ, 8 Ապրիլի 2022 17:32
Նաիրա Բադալյան

ՊԵԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև առևտրի աշխուժացման ուղիները

ՊԵԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև առևտրի աշխուժացման ուղիները

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում  գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև  առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը:

 

ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

 

Ըստ ՀՀ վիճակագրական տվյալների ՝ Հայաստան-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է մոտ 502.8 մլն ԱՄՆ դոլար, աճը ՝ 25.2%: Ընդ որում, հայկական արտահանումը կազմել է 65,5 մլն ԱՄՆ դոլար՝ 22,5 տոկոս անկումով, իսկ ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումը գրանցել է 37,9 տոկոս աճ ՝ մինչև 437,3 մլն ԱՄՆ դոլար: