Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022 14:24
Նաիրա Բադալյան

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին ավելի քան 116 մլն եվրո կտրամադրի ՓՄՁ եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի սուբյեկտների արտոնյալ վարկավորման ծրագրերի համար  

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին ավելի քան 116 մլն եվրո կտրամադրի ՓՄՁ եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի սուբյեկտների արտոնյալ վարկավորման ծրագրերի համար   

Արմինֆո.Գերմանական KfW զարգացման բանկը 116 մլն 400 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ՓՄՁ եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի սուբյեկտների արտոնյալ վարկավորման ծրագրերի համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 11-ին դրական եզրակացություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին" համաձայնագրի վավերացմանը, չնայած ընդդիմադիր պատգամավորը կասկած է հայտնել փաստաթղթի պոտենցիալ շահառուներին տրամադրվող վարկերի արտոնյալ լինելու վերաբերյալ:

 

Ինչպես հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, 116 մլն 400 հազար եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցները (դրանց համարժեքը դրամով) Հայաստանին կտրամադրվեն կոնկրետ նպատակների համար: Այսպես, 40 մլն եվրո (16 տարի ժամկետով) ուղղորդվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկավորմանը, իսկ 70 մլն եվրո (12 տարի ժամկետով)՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արտոնյալ վարկավորման ծրագրերին: Վարկը, նրա խոսքով, տրամադրվում է Euro LIBOR գումարած 60 բազիսային կետ տոկոսադրույքով։

 

Միջոցները կբաշխվեն ծրագրի շահառուների միջեւ բանկային համակարգի միջոցով, պարզաբանել Է Գեւորգյանը: "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է պոտենցիալ շահառուներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներով, եթե պետությունը, փոխնախարարի խոսքով, գերմանացի գործընկերներից միջոցներ է ստանում մոտ 0,5% տոկոսադրույքով, իսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 9.25%: "Հետեւաբար, պետությունը չի կարող ավելի քիչ տոկոսներով գումարներ տրամադրել (9,25% - խմբ.)", - պարզաբանել է նա: "Ոչ մի արտոնություն այստեղ ես չեմ տեսնում. ստացվում է լիզինգ ավելի թանկ է, քան սովորական վարկը, պարզ չէ նաեւ, թե ինչով են տարբերվում այդ վարկերը սովորական բանկային վարկերից: Չէ որ մենք չենք կարող վերցնել փողը, հետո որոշել, թե ինչ անել նրանց հետ", - նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ով է այդ համաձայնագրի հասցեատերը, և ինչ պայմաններով են տրամադրվելու միջոցները։0

 

Այդուհանդերձ, փաստաթուղթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ "դեմ" է արտահայտվել միայն Արթուր Խաչատրյանը։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ Գերմանիայի կառավարությունը 116 մլն 400 հազար եվրո կտրամադրի Հայաստանին սոցիալ-տնտեսական զարգացման համար: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 23-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետո0ւթյան կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագծին: Ինչպես նշված է փաստաթղթի հիմնավորման տեղեկանքում, համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակները, որոնք հիմք են հանդիսանում ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման, ինչպես նաեւ կողմերի միջեւ համագործակցության առանձին համաձայնագրերի համար:

 

Փաստաթղթով նախատեսվում է հայկական կողմին տրամադրել 116 մլն 400 հազար եվրո Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մասնավորապես, 3 մլն եվրո կհատկացվի "Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում-Հայաստան" ծրագրի իրականացման համար, 40 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրվի գերմանական KfW զարգացման բանկի հանրային քաղաքականության զարգացման շրջանակներում գերմանական կլիմա-խնայողական տեխնոլոգիաների նախաձեռնության (DKTI) ծրագրի "էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացում (փուլ II)" ծրագրին: Եվս 70 մլն եվրո կհատկացվի "Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում-III" ծրագրի իրականացմանը, իսկ 3 մլն 400 հազար եվրո՝ վերոնշյալ երկու նախագծերի տեխնիկական աջակցությանն ու իրագործմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների ֆինանսավորմանը: Համաձայնագիրը շրջանակային է, որի շրջանակներում ստորագրվելու են ֆինանսավորման կամ փոխառության առանձին համաձայնագրեր ՝ համաձայն վերը նշված ծրագրերի ։