Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022 18:40
Ալինա Հովհաննիսյան

Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում

Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում

Արմինֆո.Էկոնոմիկայի Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։ Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդեռլանդներում։

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին`քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն սարքավորումների ներդրմանը, տեղական կաշեգործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտադրության և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Սկզբնական շրջանում գործարանը արտադրում էր միայն կիսապատրաստված կաշի (wet blue), այսօր արդեն արտադրում են վերջնական մշակված կաշի` հիմնական մասը սպառելով է Հայկական բանակի և այլ ուժային կառույցների համար կոշիկներ կարող արտադրողին։

 

Ընկերությունը համալրված է փորձառու և երիտասարդ մասնագետներով, սակայն մասնագիտական կադրերի պակասը մնում է առաջնային խնդիր: Գործարանի արտադրության ծավալը ներկա պահին կազմում է շուրջ 14 մլն դմ2, արտադրական հզորությունները լիարժեք օգտագործելու դեպքում ցուցանիշը հնարավոր է կրկնապատկել: Այդ նպատակով գործարանի ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում։

 

Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ  էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի  նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին:  Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

 

Ընկերության ղեկավարներին ներկայացվել է նաև Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել նաև կաշեգործության ոլորտում գործող կազմակերպությունները։

 

Ռաֆայել Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորմանը։