
Արմինֆո. ՀՀ էՆ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը ընդունել է Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Ինչպես ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում,
հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զբոսաշրջային արդյունքների ընդլայնաման և խթանման, համատեղ ծրագրերի իրականացման նպատակով երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտում առավել արդյունավետ աշխատանքային մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան ապահովելու համատեղ մշակված գործողությունների իրականացումն ու շարունակականությունը։
Մոտ ապագայում նախատեսվում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլիի այցը Հայաստան, որը հնարավորություն կտա պայմանավորվածություններ ձեռք բերել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության իրականացման համար:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, ՀՀ զբոսաշրջության կոնիտեի մարքեթինգի և խթանման, զբոսաշրջության արդյունքի զարգացման փորձագետները:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականին Վրաստանից Հայաստան է այցելել
70.6 հազար զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 23.5 տոկոսով։