Արմինֆո. Արհեստական բանականությունը մեր ապագան չէ, դա մեր ներկան է: IDBank-ի եւ IDram-ի՝ տեղեկատվական անվտանգությանը նվիրված համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDBank-ի թվային բանքինգի գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Այդ կապակցությամբ նա նշել է, որ այսօր IDBank-ն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության որոշակի գործիքներ (AI), եւ հետագայում նախատեսում է ընդլայնել դրանց կիրառումը: Դա, Առաքելյանի ասելով, թույլ կտա օպտիմալացնել գործընթացները և ստանալ պաշտպանվածության ավելի բարձր և հուսալի մակարդակ։ Որպես օրինակ, թվային բանքինգի ղեկավարը նշել է, որ այսօր բանկը կիրառում է 3D-ի հնարավորությունները հաճախորդների նույնականացման համար: Նա նաեւ ընդգծել է, որ արհեստական բանականությունն օգտագործվում է ցանցային, համակարգային պաշտպանության համար:
"Առաջիկա տարիներին ողջ աշխարհում արհեստական բանականության կիրառման հնարավորություններն էապես կընդլայնվեն, ինչը կհանգեցնի բազմաթիվ ռիսկերի նվազեցման, այդ թվում՝ խարդախությանն առնչվող", - ասել է Առաքելյանը:
Այս առումով նա նշել է, որ արհեստական բանականության կիրառումը բարձրացնում է հաճախորդների պաշտպանվածության մակարդակը՝ ուսումնասիրելով նրանց վարքագիծը։ Եվ ռիսկերի բացահայտման դեպքում, ինչպես նշել է թվային բանքինգի ղեկավարը, IDBank-ը կամ որոշակի քայլեր է ձեռնարկում, կամ ահազանգում է համակարգի պաշտպանության կատարելագործման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Տվյալ պահի դրությամբ բանկը Հայաստանի ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերություններից մեկն է: