
Արմինֆո. Այսօր կան ֆիշինգի բազմաթիվ եղանակներ, սակայն դրանցից կարելի է խուսափել, պարզապես, երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելով: Տեղեկատվական անվտանգությանը նվիրվա IDBank-ի եւ IDram-ի համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDram-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տնօրեն Աղան Ավետիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։
Որպես առավել տարածված՝ նա նշել է ֆիշինգային գրոհները, որոնք իրականացվում են հեռախոսազանգերի, էլեկտրոնային փոստի, կեղծ կայքերի, սոցիալական ցանցերի միջոցով եւ դրանց տարբեր դրսեւորումները։
Ավետիսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարդկանց որոշակի խմբի թիրախավորելով, խարդախները գիտեն, թե ինչ եղանակ կիրառել որոշակի հաճախորդների սեգմենտում։
IDBank-ի թվային բանքինգի գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը, իր հերթին, նշել է, որ բանկը քայլեր է իրականացնում հաճախորդներին ֆիշինգից պաշտպանելու համար այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Նա պատմել է դեպքերի մասին, երբ ստեղծվել են կեղծ կայքեր, որոնք քաղաքացիներից պահանջել են ոչ միայն վճարահաշվարկային տվյալները, այլեւ տարբեր տվյալներ այլ հարթակներից, համակարգերից՝ "շահումի" փոխանցման համար: "Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ հաճախորդն ինքն էր իր տվյալները տրամադրել խարդախներին", - նշել է նա:
Այս համատեքստում Առաքելյանը, դիմելով քաղաքացիներին, պահանջել է ստուգել այն հարթակները, որոնցից նման հաղորդագրություններ են ստացվում, մասնավորապես, արդյոք վերջինները հագեցված են HTTPS-ի պաշտպանության բարձր աստիճանով, միաժամանակ, նա կոչ է արել կապվել ֆինանսական կառույցների հետ, որոնց գործիքների միջոցով քաղաքացիները փորձում են օգտվել այդ ծառայություններից: «Դա անհրաժեշտ է պարզելու համար, թե արդյոք գա ձեր գործընկեր է, թե ոչ, եւ թե՝ որքանով հուսալի: Կարծում եմ՝ մեր մասնագետներն ու գործընկերները հաճույքով կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի հաճախորդները խաբեբաների զոհ չդառնան", - ասել է նա։
Առցանց կոնֆերանսի ընթացքում IDBank-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Տաթևիկ Վադևանյանը կարևորել է նաև բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը, ինչը պետք է իրականացվի ոչ միայն ֆինանսական կառույցների և անհատների կողմից: Այս հարցում, ըստ Վադեւանյանի, անհրաժեշտ է նաեւ պետական մասնակցություն, մասնավորապես, ցանցային, ֆինանսական գործիքների օգտագործման գրագիտության բարձրացման միջոցառումների անցկացման միջոցով:
Խոսելով վարկավորման խարդախ սխեմաների մասին՝ IDBank-ի իրավաբանական բաժնի ղեկավար Արթուր Մելիքյանն ընդգծել է, որ առավել տարածված ձեւը միջնորդների միջոցով վարկերի ձեւակերպումն է:
Այդ համատեքստում Մելիքյանը հայտարարել է, որ IDBank-ը միջնորդների միջոցով վարկեր չի տրամադրում։ Վարկերը ձևակերպվում են միայն հաճախորդի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում' կամ Բանկ այցելելիս, կամ IDBank-ի առցանց վարկավորման համակարգի միջոցով: "Հեռու մնացեք խարդախներից: Մենք ոչ մի պայմանագիր չունենք, ոչ մեկին չենք լիազորել, նույնիսկ՝ գովազդի տարածման հարցում", - ասել է նա։
Այդ առնչությամբ Սերգեյ Առաքելյանը նշել է, որ IDBank-ի առցանց վարկավորման համակարգը գործում է արդեն մեկուկես տարի: Այդ ընթացքում, ըստ նրա, ձևակերպվել է մոտ 850 հազար վարկ, որոնցից ավելի քան 50 հազարը յուրահատուկ հաճախորդներ են։ Ընդ որում, առցանց վարկերի ձեւակերպման շրջանակներում խարդախներից տուժած քաղաքացիների թիվը հասնում է 150-ի, որոնց վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել: Նշենք, որ IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Ներկայումս Բանկը Հայաստանի ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերություններից մեկն է: