Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես "հանգիստ հանգրվան", հատկապես, ՏՏ ոլորտի մանր և միջին ձեռնարկատիրական ոչ փոքրաթիվ կառույցների վերատեղակայման համար, արտաքին ֆոնի սրումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջնաժամկետ կտրվածքով՝ կապված պատժամիջոցային սահմանափակումների հետ։
Այս առումով հայկական բանկային հատվածի վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը կարող է հարթվել և, նույնիսկ, չեզոքացվել արժութային և վարկային ռիսկերի, ինչպես նաև իրացվելիության ռիսկի հաջող հաղթահարման միջոցով։ Նման կարծիք են հայտնել ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating ազգային վարկանիշային գործակալության փորձագետները՝ երկրի բանկային համակարգի վիճակին նվիրված ամենամյա հետազոտության մեջ (Industry report of Armenian banks):
Գործակալության տվյալներով ՝ բանկերի ակտիվների որակը դեռեւս մնում է կայուն, բայց առկա է ժամկետանց վարկերի աճի վերսկսման ռիսկ՝ ինչպես մանրածախ պորտֆելում, այնպես էլ՝ կորպորատիվ: Կապիտալի բավարարության մակարդակը 2021 թվականին նախանշել է թույլ աճ։ Սակայն վարկային պորտֆելի որակի հավանական վատթարացումը, հատկապես բարձր ռիսկային վարկերի թափ հավաքող մասով, կարող է վերսկսել շահույթի անկումը, ինչի հետեւանքով կապիտալի բավարարությունը կրկին կնվազի: Բանկերի շահութաբերությունը 2021 թվականին փոքր-ինչ բարելավվել է շահույթի զգալի աճի հաշվին՝ բանկերի կողմից արժեթղթերով գործառնություններից եւ կոմիսիոն եկամուտներից տոկոսային եկամուտների ավելացման շնորհիվ: Միեւնույն ժամանակ, բանկային հատվածի շահույթի զգալի մասը, առաջվա նման, գեներացվում է երեք խոշոր խաղացողների կողմից: Սակայն, շահույթի վերընթաց միտումի կարճաժամկետ բնույթը՝ վեկտորի դեպի անկում շրջադարձով, կարող է վերսկսել ROE-ի եւ ROA-ի անկումը:
Նշվում է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի սուր փուլում տոկոսադրույքների սուբսիդավորման և լիզինգի միջոցով բնակչության և բիզնեսի խոցելի շերտերին աջակցելու կառավարության սահմանափակ միջոցառումներին՝ մանրածախ բանկային վարկավորման ակտիվությունը 2021թ. նկատելիորեն նվազել է, իսկ կորպորատիվ վարկավորման խթանմանն ուղղված միջոցառումները միայն աջակցել են վարկային շուկային՝ թույլ չտալով դրա էական անկում:
2021 թվականին պահպանվել է ակտիվների աճը՝ տեմպերի մինչև 6,7 տոկոս դանդաղմամբ, սակայն տնտեսության վարկավորման ծավալները կրճատվել են 8,3 տոկոսով: Որպես ակտիվների վերընթաց դինամիկայի առանցքային բաղադրիչ առավելապես հանդես են եկել բանկերի ներդրումներն արժեթղթերում (առավելապես պետական պարտատոմսեր), իսկ պակաս չափով՝ ֆիզիկական անձանց վարկերը եւ սպառողական վարկերը (հիմնականում՝ հիփոթեքի բարձր աճի հաշվին): Այսպես, հաշվետու տարում պետական պարտատոմսերում ներդրումներն աճել են 35,1 տոկոսով ՝ ընդհանուր վարկային պորտֆելի 4,3 տոկոսով անկման դեպքում: 2021 թվականին մանրածախ վարկավորման ծավալն աճել է ընդամենը 6 տոկոսով, ընդ որում, այդ պորտֆելի աճը պահպանվել է հիփոթեքային վարկերի 35,4 տոկոսով աճի, անշարժ գույքի գրավով փոխառությունները 24 տոկոսով, եւ ավտովարկերի ՝ 10 տոկոսով աճի հաշվին՝ ապառիկ ապրանքների գնամ վարկերի, քարտային օվերդրաֆտների եւ լոմբարդային վարկերի երկնիշ անկման դեպքում:
Վերլուծաբանների կարծիքով, վարկային շուկայի լճացումը շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին կարող է հանգեցնել բանկերի պորտֆելների որակի նկատելի անկման՝ 2023 թվականին:
Միեւնույն ժամանակ, բանկերի ֆոնդավորման բազան բնութագրվել է ֆիզիկական անձանց միջոցների 6,5 տոկոսային կետով աստիճանական նվազմամբ մինչեւ 36,1 տոկոս՝ 2017-2021թթ: Իսկ կորպորատիվ հաճախորդների ավանդներն ու ընթացիկ հաշիվներն այս տարիների ընթացքում աճել են 3,2%-ից մինչեւ 5,3%: Դրանց աննշան տարբերությունը 2020թ. տեմպերից (5,1%) արձանագրում է տնտեսության սուբյեկտներից միջոցների ներգրավման նկատելի արգելակում։