Հինգշաբթի, 5 Մայիսի 2022 18:58
Ալինա Հովհաննիսյան

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց օդային տարածքը փակել են «FLYONE ARMENIA» ընկերության եվրոպական ուղղությունների համար

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց օդային տարածքը փակել են «FLYONE ARMENIA» ընկերության եվրոպական ուղղությունների համար

Արմինֆո. Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում:

 

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն-Երևան և Երևան- Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

 

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:


Թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում։

 

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) ստեղծվել է 2021 թվականին: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ  և ICAO FIE եռանիշ կոդեր։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին:

Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu)  հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում և ներկայումս ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ: