
Արմինֆո. Հայաստանում տնտեսության վարկավորման ծավալները 2022 թվականի առաջին եռամսյակում, գործնականում, բոլոր ոլորտների գծով աճել են։ Այդ մասին մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ 2021 թվականի IV եռամսյակի վերջին Հայաստանի բանկային համակարգը գրանցել է վարկային ներդրումների որոշակի նվազում, դրական միտում է դիտվել միայն հիփոթեքային վարկավորման պորտֆելում: Սակայն, արդեն 2022 թվականի առաջին եռամսյակում վարկային ներդրումներն աճել են 123 մլրդ դրամով կամ 3,1 տոկոսով՝ հասնելով 4.1 տրիլիոն դրամի։
Նշելով, որ տնտեսության վարկավորման մասնաբաժինը փոքր-ինչ գերակշռում է ֆիզիկական անձանց վարկավորման մասնաբաժնի նկատմամբ, 46%՝ 44%-ի դիմաց, Սարգսյանը հաղորդել է, որ հաշվետու եռամսյակում արդյունաբերության ֆինանսավորման ծավալներն աճել են 6,4%-ով, առեւտրինը՝ 4,7%-ով, գյուղատնտեսությանը՝ 3,4%-ով, ծառայությունների ոլորտինը՝ 2.7%-ով, շինարարությանը' 1%-ով: Վարկավորման անկում է գրանցվել միայն տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 8,2%-ով։
Ընդ որում, ՀԲՄ ղեկավարը նշել է, որ մանրածախ վարկավորման ծավալը գերազանցել է 1.8 տրլն դրամը, որոնց կառուցվածքում սպառողական վարկերը, եռամսյակի ընթացքում ավելանալով 1,2% - ով, կազմել են 834,4 մլրդ դրամ, իսկ հիփոթեքը գերազանցել է 698 մլրդ դրամը՝ 6,6% աճով:
Անդրադառնալով արտարժութային բաղադրիչին՝ Սարգսյանը նշել է, որ վերջին մեկ տարին դրամային վարկերը գերակշռում են արտարժութայինի նկատմամբ, մինչդեռ, նախկինում հակառակ պատկերն էր դիտվում։ Մասնավորապես, 2022թ. առաջին եռամսյակի արդյունքներով, ինչպես նշել է նա, դրամային վարկերի մասնաբաժինը կազմել է 55%, իսկ արտարժութային վարկերինը՝ 45%:
ՀԲՄ ղեկավարի խոսքով՝ 2022 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը հասել է 56,8 տոկոսի՝ 10 տարում ավելանալով գրեթե 2 անգամ՝ 2011թ. 35,4 տոկոսից:
Պատասխանելով չաշխատող վարկերի վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Սարգսյանը նշել է, որ առաջին եռամսյակում այդ ցուցանիշի փոփոխություններ, առանձնապես, չեն գրանցվել: Նշելով, որ վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը 6%-ի սահմաններում է, նա ուշադրություն է հրավիրել այդ ցուցանիշի բավականին ցածր մակարդակին Հայաստանում' համեմատած այլ երկրների հետ: