Արմինֆո. Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները ՀՀ։ Այդ մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։
Դեռ տարեսկզբին, մարտին, ԿԲ-ն կանխատեսել էր դրամական փոխանցումների 20% կրճատում (ՌԴ-ից 50% կրճատում)։ Իրականում, եթե աշխատանքային միգրանտների (ՌԴ-ում սեզոնային աշխատողների) փոխանցումները նվազել են, զուգահեռաբար աճել է ՀՀ-ում գտնվող ռուսաստանցիների (նրանց ԿԲ-ն դասակարգում է միջազգային այցելուներ) կողմից իրականացվող փոխանցումների ծավալը։ Այդ խողովակով ստացվող գումարները քիչ չեն, եւ արդեն ազդել են ընդհանուր դինամիկայի վրա, նշել է Խաչատրյանը ։
Այդուհանդերձ, ԿԲ-ում չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ պարզ չէ, թե որքան երկար ռուսաստանցիները կմնան ՀՀ-ում։ Իրավիճակը հասկանալու նպատակով ԿԲ-ում հարցում են անցկացրել ռուսաստանցիների շրջանում: Ինչպես կարծում են ԿԲ-ում, իրավիճակն ավելի հասկանալի կդառնա օգոստոսին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, կախված այն բանից, թե քանի երեխա կմնա դպրոցում, պարզ կդառնա, թե նրանցից քանիսն են որոշել հաստատվել ՀՀ-ում ավելի երկար ժամանակով:
Հայաստանի բանկերի միության տվյալների համաձայն, 2022թ. առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքը Հայաստան աճել է տարեկան 38,2 տոկոսով կամ 155 մլն դոլարով' հասնելով 561 մլն դոլարի: Ընդ որում, առյուծի բաժինը պատկանում է, ավանդաբար, ռուսական շուկային (42,6 տոկոս), որին հետեւում են ԱՄՆ-ը (25,5 տոկոս): Փոխանցումների բավականին փոքր ծավալներ են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Իսպանիայից, Չինաստանից ։ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը տարեկան կտրվածքով աճել է 35% - ով կամ 97 մլն դոլարով' կազմելով 374 մլն դոլար: Ընդ որում, փոխանցումները, հիմնականում, ուղղարկվել են Ռուսաստան (33,2%) եւ ԱՄՆ (16,3%), ինչպես նաեւ ԱՄԷ (6,4%), Չինաստան (4%), Գերմանիա (2,9%) եւ ավելի քիչ՝ Ֆրանսիա, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան: Արդյունքում՝ փոխանցումների զուտ ներհոսքը, տարեկան կտրվածքով աճելով 45%- ով կամ 58 մլն դոլարով, 2022թ. առաջին եռամսյակում հասել է 187 մլն դոլարի: