Արմինֆո.Evocabank-ի և ՀայՓոստի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Բանկի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
Նոր համագործակցությամբ կողմերը նախատեսում են իրականացնել մի շարք նորարար թվային նախագծեր, որոնք ուղղված են ՀայՓոստի և Evocabank-ի հաճախորդներին հարմարավետ և հասանելի ֆինտեխ ծառայություններ մատուցելուն, այդ թվում` այն համայնքներում, որտեղ Evocabank-ը մասնաճյուղեր չունի:
Համագործակցության շնորհիվ ցանկացած փոստային բաժանմունքում շուտով հնարավոր կլինի իրականացնել Evocabank-ի վարկերի մարում, հաշիվների և քարտերի համալրում, իսկ ապագայում նաև՝ վարկային հայտերի ընդունում, համատեղ վարկերի տրամադրում ՀայՓոստ Կրեդիտ նախագծի շրջանակներում, ինչպես նաև՝ միջազգային դրամական փոխանցումներ: Բացի այդ, Evocabank-ի նորարար mobile POS տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները շուտով կկարողանան ՀայՓոստում իրականացնել վճարումներ անկանխիկ եղանակով՝ կոմունալ, կոմերցիոն և փոստային ծառայությունների դիմաց: Evoca mobile POS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:
Կողմերը նախատեսում են նաև պարզեցնել բանկային հաշիվների բացման գործընթացը HayPost Pay էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների համար:
Ինչպես նշում է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը,- «Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ:
Մեր օրերում մոբայլ բենքինգն ու ֆինտեխները յուրաքանչյուր ժամանակակից մարդու առօրյայի կարևոր մասն են կազմում: Այս նպատակով մենք ներկայացնում ենք նոր ֆինանսական գործիք՝ Evoca mobile POS՝ mPOS: Մեզ համար կարևոր է, որ Evoca mPOS պրուդուկտի շրջանակներում մեր առաջին գործընկերն այնպիսի խոշոր և ստրատեգիկ ընկերություն է, ինչպիսին ՀայՓոստն է: Այս գործընկերության շնորհիվ մեր ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան շուրջ 850 կետերում»:
«Շատ ուրախ ենք համագործակցել ՀՀ-ի լավագույն թվային բանկի հետ՝ շարունակելով զարգացնել մեր էկոհամակարգը: Ինչպես գիտենք՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն օրեցօր աճում է, և ՀայՓոստի ու Evocabank-ի համագործակցությամբ այդ ծառայությունները մեր մեծաթիվ փոստային բաժանմունքների միջոցով կդարձնենք հասանելի նույնիսկ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար»,- նշեց ՀայՓոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Նշվում է, որ ՀայՓոստ ընկերությունը և Evocabank-ը նախատեսում են թողարկել համատեղ քարտեր:
Հիշեցնենք, որ Evocabank-ը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1990 թվականից: Բանկն ընթանում է նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների լայն կիրառման ճանապարհով: ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2021 թ. տվյալներով, Evocabank-ի ակտիվները հասել են 511.8 մլն դոլարի, ընդհանուր կապիտալը գերազանցել է 70.3 մլն դոլարը: 2021թ. բանկն ավարտել է 2.3 մլն դոլար զուտ շահույթով: Evocabank-ի նորմատիվային կապիտալը հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 34.5 մլրդ դրամ կամ 71.9 մլն դոլար (30 մլրդ դրամ նորմատիվային նվազագույնի դեպքում): 2021 թվականին, մեկ տարի ընդմիջումից հետո, բանկը սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավել է 5.8 մլրդ դրամի (12.1 մլն դոլար) միջոցներ, ինչը 8%-ով գերազանցել է երկամյա վաղեմության ցուցանիշը: