Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 12:16
Մարիաննա Մկրտչյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանի մասնակցությունը Viva-Technology-2022 ցուցահանդեսին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանի մասնակցությունը Viva-Technology-2022 ցուցահանդեսին

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: 

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

 

Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում  համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների։ 

 

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

 

Ռոբերտ Խաչատրյանն  ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։

 

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: