Շաբաթ, 21 Մայիսի 2022 16:51
Նաիրա Բադալյան

FlyOne Armenia-ն հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով

FlyOne Armenia-ն հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով

Արմինֆո.FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով:

 

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Երևան-Անթալիա-Երևան չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: «Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից: Ավիաընկերության բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում», - ասվում է հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FlyOne Armenia ընկերությանը հնարավորություն չէին տվել թռիչքներ (overflight) իրականացնել դեպի եվրոպական երկրներ Թուրքիայի օդային տարածքով: Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերությունը ստիպված է եղել մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան չվերթները: Միաժամանակ, Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։

 

Նշենք, որ FlyOne Armenia (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավի շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ  և ICAO FIE եռանիշ կոդերը։

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին:

 

Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում, ներկայումս ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ: