
Արմինֆո. 2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661մլրդ դրամով», - գրել է նա։
Էկոնոմիկայի գերատեսչության ղեկավարի ներկայացրած տվյալների համաձայն, հաշվետու ամսաթվի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում մանրածախ առեւտրի ոլորտին (65 295 աշխատատեղ), որին հետեւում են առողջապահությունը (37 751), մանր ձեռնարկատիրությունը (34 787), հանրային սննդի ոլորտը (24 171), առաջատար հնգյակը եզրափակում է ծրագրավորման ոլորտը (19 999): Հայաստանի աշխատանքային շուկայում ամենաքիչը ներգրավված են բնակության կազմակերպման ոլորտում, որտեղ աշխատում է ընդամենը 5 744 մարդ։
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականին Հայաստանում գործազրկության միջին տարեկան մակարդակը 2020թ. 18,1 տոկոսից նվազել է մինչև 15,3 տոկոս։
Նշենք, որ մարտին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի նորացված կանխատեսման համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը կբարձրանա մինչեւ 16,7 տոկոս, ինչը պայմանավորված է Ռուսաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով սեզոնային աշխատանքային միգրացիայի կրճատմամբ: Իսկ միջնաժամկետ կտրվածքով գործազրկության մակարդակը, ըստ ԿԲ կանխատեսումների, կպահպանվի 16,4-16,9% միջակայքում։