Երկուշաբթի, 30 Մայիսի 2022 16:32
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Փարիզ եւ Լիոն

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Փարիզ եւ Լիոն

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան,  Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

 

Ինչպես ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում, Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան  կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

 

Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

 

Հիշեցնենք, որ ս. թ. մայիսի սկզբին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը հնարավորություն չէին տվել թռիչքներ (overflight) իրականացնել դեպի եվրոպական երկրներ՝ Թուրքիայի օդային տարածքով: Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերությունը ստիպված էր մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան չվերթները:

 

Նշենք, որ FLYONE ARMENIA (www.flyone.am) ստեղծվել է 2021 թվին:  Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է օդանավի շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ կոդը և ICAO FIE եռանիշ կոդը։

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին:

 

Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում:  Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում, և ներկայում ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ:

 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, ներառյալ լրացուցիչ ծառայությունները, կարելի է ձեռք բերել www.flyone.am  կայքում կամ բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաեւ բոլոր գործընկեր ընկերությունների գրասենյակներում: