Հինգշաբթի, 2 Հունիսի 2022 20:34
Նաիրա Բադալյան

7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար

7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը,  առաջարկվում է 7.8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

 

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հիմնանորոգել 62.5կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 8.5կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 39.4կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ` 14.6կմ: Նախատեսվում է հատկացնել 7,783,373,527 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 7,679,458,700 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 46,326,365 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 57,588,462 ՀՀ դրամ։

 

Մասնավորապես, կհիմնանորոգվի Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (Վարդանաշեն, Երասխահուն, Ջրաշեն, Լուսագյուղ), Աբովյան- Արզնիհանրապետական նշանակության ավտոճանապարհը, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Իջևան, Իծաքար բնակավայրերի հատվածը և այլն: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թ. հունիսին և կավարտվեն մինչև տարեվերջ: