Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ Մասնավորապես, նա հաղորդել է, որ առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն, ընդհանուր առմամբ, աճել է 1,6 տոկոսով։
"Մեր պետությունները սեփական արտադրության հաշվին ամբողջությամբ ծածկում են հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի եւ կարտոֆիլի, բուսական յուղի, շաքարավազի եւ ձվի ներքին պահանջարկը: Նշվում է միայն մրգերի եւ հատապտուղների պակաս", - ասել է նա, նշելով, որ գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակներով ինքնապահովվածության մակարդակը հասնում է 93 տոկոսի ։
Երկրների կտրվածքով, նախարարի խոսքով, ինքնապահովման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Բելառուսում (94 տոկոս) եւ Ռուսաստանում (90 տոկոս), որին հաջորդում են Ղազախստանը (83 տոկոս) եւ Ղրղզստանը (81 տոկոս): Հայաստանում ինքնապահովման մակարդակը կազմում է 73 տոկոս։
Նա նշել է, որ անդամ երկրները համատեղ քայլեր են ձեռնարկում պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ծագող ռիսկերին արձագանքելու համար, ըստ Քամալյանի, գործում է գյուղատնտեսական ապրանքների օպերատիվ մատակարարումների հարցերով աշխատանքային խումբը: "Դա անհրաժեշտ է ֆորսմաժորային իրավիճակների առաջացման դեպքում "հնգյակի" երկրների արդյունավետ փոխգործակցության ապահովման համար",- ասել է ԵՏՀ նախարարը: Դրա հետ մեկտեղ, նա կարեւորել է բնակչության համար պարենի ֆիզիկական մատչելիության ապահովումը: Այդ նպատակով, ներկայումս ԵՏՀ-ն անդամ երկրների հետ համատեղ մշակում է եվրասիական ապրանքահաղորդչային ցանցի ձևավորման հարցը ։ "Բացի գործառնական ծախսերի նվազեցումից, նախագծի իրականացումը թույլ կտա վերացնել լոգիստիկ շղթայի անթափանցիկությունը, ավելացնել պահեստային հզորությունների ծավալը, ստեղծել որոշումների կայացման եւ ապրանքանյութական հոսքերի կառավարման միասնական համակարգ",- ընդգծել է նա: