Արմինֆո.Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Ինչպես ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։
Նաեւ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի գործարկումից ի վեր, որն ընդգրկում է 556 կմ, կառուցվել է ընդամենը 31 կմ երկարությամբ հատված, որը կազմում է ճանապարհի ընդհանուր երկարության ավելի քան 5% - ը: Ընդ որում, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, 2009 թվականից Հայաստանի կառավարությունը, ընդհանուր առմամբ, 541 մլն դոլարի 3 վարկային համաձայնագիր է կնքել միջազգային գործընկերների հետ ' այդ ծրագրի իրականացման համար: Ընդհանուր առմամբ, ծրագիրը գնահատվում է 3.5 մլրդ դրամ, որից 1.5 մլրդ անհրաժեշտ է միայն Սիսիան-Ագարակ հատվածի համար, որը ներառում է Սիսիան-Քաջարան ճանապարհը (920 մլն դոլար), թունելը (7 կմ, 250 մլն դոլար) Քաջարան-Ագարակ ճանապարհը (32 կմ, 249 մլն դոլար):
Հայաստանի կառավարությունը 2013 թվականի նոյեմբերին Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրել է 3-րդ տրանշի ֆինանսավորման վարկային համաձայնագիր։ Նախագծային աշխատանքներն իրականացրել են ֆրանսիական Egis խորհրդատվական ընկերությունը, կապալառու ընկերությունը ՝ չինական "Սինոհիդրո Քորփորեյշըն" ՍՊԸ-ն է։
23 կմ երկարությամբ Լանջիկ-Գյումրի հատվածի համար ԵՆԲ-ի վարկային միջոցները կազմել են 60 մլն եվրո, ԵՄ Հարեւանության ներդրումային հիմնադրամի (NIF) դրամաշնորհը' 12 մլն եվրո, ՀՀ պետբյուջեից ուղղորդվել է շուրջ 16,2 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ս. թ. հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը որոշել էր 3 մլրդ դրամ հատկացնել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ծրագրի 3-րդ տրանշի կապալառուի պարտքերի եւ պարտավորությունների մարմանը: Որոշման նախագծում ասվում է, որ 2021թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ֆինանսավորման բացակայության պատճառով կապալառուն չի ստացել իրեն հասանելիք վճարումները։ Ծրագրի անխափան իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է մարել պարտավորությունները և ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքներին: