Ուրբաթ, 24 Հունիսի 2022 13:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Կորեան մաքսային ոլորտում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում

Հայաստանն ու Կորեան մաքսային ոլորտում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:  Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:    

Ինչպես հաղորդել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությւոնը, կողմերը կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը:  

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ: