Երեքշաբթի, 28 Հունիսի 2022 18:01
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 

Կառավարության մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում համագործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին: