Արմինֆո.Միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում է նախատեսվում: Այսօր կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոկ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը հաստատելու կառավարության որոշմանը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Դա, իհարկե, կապ ունի այսօրվա հետ, որովհետև Վիճակագրության կոմիտեն հրապարակեց մայիս ամսվա և առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները: Եվ պետք է արձանագրել, որ ունենք բավականին լավ ցուցանիշներ, որովհետև առանձին վերցված մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8.2 տոկոս և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով: Իհարկե, այստեղ լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս: Եվ, իհարկե, գնաճի բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է: Բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի: Այսինքն՝ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ տնտեսական աճը, բայց դրանք շատ մոտ են լինում սովարաբար իրար: 5 ամսվա տվյալներով մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10.2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11.4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24.9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13.1 տոկոս, արտահանման աճը՝ 27.5 տոկոս: Այս թվերը որոշակիորեն արտահայտվում են նաև մեր բյուջետային եկամուտների հատվածում. Կիսամյակը դեռ չի ավարտվել, այսօր էլ սպասում ենք հարկային մուտքեր, բայց կարող ենք ասել, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այսինքն՝ 47 մլրդ դրամ ավելի ենք հարկային եկամուտների մասով, քան կանխատեսել ենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ դեռ ունենք ստանալու՝ 10 մլրդից ավելի: Ինչու եմ մոտավոր ասում, որովհետև այս ընթացքում փոխարժեքի որոշակի տատանումներով պետք է հաշվարկվի: Այսինքն՝ մոտավորապես, վստահ ենք, կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ժողովրդագրական ծրագրերի փոփոխությունները. «Գիտեք, որ 2020 թվականին որոշում կայացրեցինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում էինք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի ավելի էինք այդ նպաստը տրամադրում, քաղաքում կամ Երևանում՝ միայն աշխատողներին: Հիմա մենք ինչ որոշման ենք հանգել: Մենք հանգել ենք նրան, որ առաջինը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք՝ 28600 դրամից պետք է դառնա 30700: Հաջորդը՝ մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի, քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը վճարել, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գիտության ֆինանսավորումը 6 մլրդ դրամով ավելացումը և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոսով ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք, ստացվում է, որ 2 տարվա մեջ մենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը, ըստ էության, կրկնապատկել ենք»:
Անդրադառնալով տնտեսական աճին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Ամենակարևոր նորությունը, կարծում եմ, նա է, որ մենք, ըստ էության, հիմա արդեն, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճն արդեն ավելի իրատեսական ենք համարում, որովհետև ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ավելի լավ է՝ մենք առաջիկա 5 տարում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, քան որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս: Ազդակներ կան, որ մենք, իսկապես, կարող ենք հասնել այս նպատակին: Եվ նաև պիտի ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն են դա ցույց տալիս: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է»:
Ամփոփելով՝ վարչապետը Միջնաժամեկտ ծախսերի ծրագիրը դրական է գնահատել և հորդորել է կառավարության անդամներին կենտրոնալ և առավել արդյունավետ աշխատել: