Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:12
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար. Վերջին շաբաթվա ընթացքում Վերին Լարսի թողունակությունը 50 տոկոսով աճել է

Էկոնոմիկայի նախարար. Վերջին շաբաթվա ընթացքում Վերին Լարսի թողունակությունը 50 տոկոսով աճել է

Արմինֆո. Վերջին շաբաթվա ընթացքում "Վերին Լարս" անցակետի թողունակությունն աճել է 50 տոկոսով։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Եվ, այնուամենայնիվ, պաշտոնյայի կարծիքով, հարցն ամբողջությամբ լուծված չէ։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են։ Քերոբյանը հիշեցրել է, որ վերջին իրադարձությունների (ռուս-ուկրաինական ռազմական հակամարտություն - խմբ.) պատճառով Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է, քանի որ Եվրոպայից Ռուսաստան բեռները չեն կարող արդեն անցնել Ուկրաինայի, Բելառուսի տարածքով: Իսկ սահմանային անցակետի պլանային թողունակությունը չէր համապատասխանում սահմանին մոտեցող բեռների քանակին։

 

Ընդ որում, Քերոբյանն ընդգծել է, որ չնայած Վերին Լարսի անցակետում անցունակության բարձրացմանը, մասնավորապես, մեկ օրում, ըստ նրա, անցակետով 170-ի փոխարեն անցնում է 250 հայկական բեռնատար, դրանով չի կարելի բավարարվել: "Մեր պատկերացումներով, թողունակությունը կարող էր ավելի բարձր լինել, եթե կառավարման համակարգն ավելի լավ լիներ", - ասել է նա:

 

Խոսելով ձեռքբերումների մասին՝ նախարարը հիշեցրել է երկրորդ մաքսային գոտու բացման մասին, ինչին հաջողվել է հասնել ռուս և վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում։

 

Ավելի վաղ, խոսելով երկրորդ մաքսային գոտու բացման մասին, նախարար Քերոբյանը հաղորդել էր, որ դա թույլ կտա 30 տոկոսով ավելացնել անցակետերի թողունակությունը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել "Վերին Լարս" անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տրանսպորտային միջոցների համար լրացուցիչ հսկիչ անցակետ տեղադրել ՝ օրական մինչեւ 250 ավտոմեքենա թողունակությամբ: