Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 18:00
Նաիրա Բադալյան

Կառավարությունը կընդլայնի ագրոոլորտին պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը

Կառավարությունը կընդլայնի ագրոոլորտին պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը

Արմինֆո.Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ծագած պարտավորությունների կատարման, ինչպես նաև շարունակականության ապահովման համար՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ըստ այդմ, առաջարկվում է մի շարք միջոցառումներիի իրականացման համար լրացուցիչ հատկացնել 5,951,599.3 հազ. դրամ, որից՝ 230,900.0 հազ. դրամը պաշտոնական դրամաշնորհներից ստացվող եկամուտներից, 5,714,069.3 հազ. դրամը՝ պահուստային ֆոնդի միջոցներից: Մասնավորապես, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 9.8 մլրդ դրամ, որից սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ վճարվել է 5 մլրդ դրամը, մնացորդը կազմում է 4.8 մլրդ դրամ։

 

Ծագած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ըստ հաշվարկների, կկազմի 12.3 մլրդ դրամ, այսինքն՝ լրացուցիչ անհրաժեշտ է 2.5 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ծրագրի 2022 թվականի բյուջետային հայտը ներակայացվել է շուրջ 12.0 մլրդ դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 9.8 մլրդ դրամը` պայմանով, որ ավել ֆինանսավորում կտրամադրվի միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության դեպքում։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 307.9 մլն դրամ, որից փաստացի հատկացվել է 183.5 մլն դրամը, մնացորդը կազմում է 124.4 մլն դրամ։ Սույն թվականի մարտի 31-ի դրությամբ սուբսիդավորման գումարի հայտը կազմել է 438.8 մլն դրամ, այսինքն՝ պարտավորությունը կկազմի 255.3 մլն դրամ։ Բացի այդ ապահովագրական ընկերությունների կողմից կանխատեսվում է ևս 100.0 մլն դրամի սուբսիդավորման հայտ, այսինքն ծրագրի շրջանակում պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի՝ 230.9 մլն դրամ։ Ծրագրի 2022 թվականի ֆինանսավորման հայտը ներկայացվել է 721.9 մլն դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 307.9 մլն դրամը։