Արմինֆո. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախաձեռնել է փոփոխություններ եւ լրացումներ Հարկային օրենսգրքում, "Բանկային գաղտնիքի մասին" ՀՀ օրենքում, "Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքում, որի շրջանակներում ակնկալում է բանկային եւ ապահովագրական գաղտնիքների հասանելիություն ստանալ՝ առանց դատարանի որոշման եւ հարկային մարմնի հարցման հիման վրա: Համապատասխան նախագիծը հուլիսի 6-21-ը ներկայացված կլինի հանրության դատին e-draft.am իրավական ակտերի միասնական պորտալում:
Դեռ հունիսի 1-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում հայտարարել էր հարկային մարմնին բանկային գաղտնիքի որոշակի հասանելիություն տրամադրելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, ընկերությունների բանկային հաշիվներն այսօր կարելի է տեսնել միայն համալիր ստուգման դեպքում, որը հնարավոր չէ անցկացնել բոլորի մոտ՝ ամեն տարի, այն էլ՝ միայն կորպորատիվ հաշիվների, ինչը հարկերի վճարումից խուսափելու ռիսկեր է ստեղծում: Բադասյանը նշել էր, որ Հայաստանն ավելի վաղ միացել է կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիային, որը պարտավորեցնում է երկրներին կիսվել բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներով, եթե դրանց սեփականատերերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: "Ստացվում է, որ այլ երկրների իրավապահներին մենք նման տեղեկատվություն տրամադրում ենք, իսկ յուրայիններին՝ ոչ, ինչն այնքան էլ տրամաբանական չէ", - ասել էր ՊԵԿ նախագահը:
Ինչու է դա անհրաժեշտ
ՊԵԿ-ի ներկայացրած նախագծի հակիրճ բնութագրում նշվում է, որ նախագծերի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան առանց դատարանի որոշման հարկային մարմնի կողմից բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալու և օգտագործելու վերաբերյալ կանոնակարգումները: «Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտեների և ոչ ռեզիդենտեների միջև կատարվող գործարքների արդյունքում հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու համար։ Այսպիսով, համաձայն վերոգրյալի կարծում ենք, որ բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիությունը գործնականում կարող է էական օգուտ տալ և առանցքային նշանակություն ունենալ հարկային հսկողության նպատակներին հասնելու համար», - ասվում է նախագծում:
Ինչպես է տեղի ունենալու բանկերի և ՊԵԿ-ի միջև տվյալների փոխանակումը
Հարկային մարմինը համալիր հարկային ստուգումներ ծրագրելիս կամ այդ ստուգումներն իրականացնելիս գրավոր հարցմամբ դիմում է հարկատուին՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող եւ ստուգման ենթակա տեղեկություններ ստանալու նպատակով: Հարկային մարմին բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգը, ձեւը եւ ցանկը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ սահմանված կարգով, ձեւով կամ ցանկով չի ներկայացնում նշված տեղեկությունները, հարկային մարմինը հարցումով դիմում է բանկ կամ ապահովագրական կազմակերպություն՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու համար ՝ հարցմանը կցելով պահանջը հիմնավորող փաստաթղթերը: Բանկը կամ ապահովագրական կազմակերպությունը պարտավոր են բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրել օրինական հիմքերի առկայության դեպքում՝ հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, կամ նույն ժամկետում տեղեկացնել հարկային մարմնին այն մասին, որ չի տիրապետում համապատասխան տեղեկատվությանը:
Նշվում է, որ "Բանկային գաղտնիքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արգելվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, ում այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով:
Հղում միջազգային փորձին
Օրինագծերի հեղինակները նշում են, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ, Ուկրաինան, Ֆրանսիան և ԳԴՀ-ն, արդեն ունեն հարկային մարմնին բանկային եւ ապահովագրական գաղտնիքի որոշակի հասանելիություն տրամադրելու փորձ: "Հարկ ենք համարում նշել, որ 2000 թվականին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության բյուջետային հարցերի կոմիտեն (ՏՀԶԿ) - "Հարկման նպատակներով բանկային գաղտնիքի հասանելիության բարելավումը" զեկույցում նշվել է, որ շատ երկրներ այսօր ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկային մարմիններին բանկային գաղտնիքի հասանելիություն տրամադրելու կարիք ունեն, ինչը կօգնի նրանց լիովին կատարել հարկերի (եկամուտների) հավաքագրման իրենց պարտականությունները. միաժամանակ զեկույցում ամրագրված է, որ հարկային մարմինները պետք է լինեն բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության երաշխավորը, որոնք փոխանցվում են որեւէ ձեւով",- ասված Է փաստաթղթում:
Նշենք, որ հուլիսի 12-ի դրությամբ քվեարկության բոլոր 41 մասնակիցները դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը։