Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 11:56
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։

Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին, փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում։

 

Այդ համագործակցության շրջանակում հատկանշական է համարվել ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակում 46 դպրոցների շենքերի ամրացման և հիմնական նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Փոխվարչապետն այն որակել է օգնող բաղադրիչ՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությանը։

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նաև ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հարցում, մասնավորապես, այնպիսի առանցքային ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» և «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը։

 

Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և արդյունավետ գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։

 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և քննարկել համագործակցության նոր հեռանկարները։

 

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ADB) Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2022 թվականի մարտի սկզբի դրությամբ բանկը Հայաստանին տեխնիկական աջակցության համար տրամադրել է շուրջ 1.6 մլրդ դոլարի  վարկեր, դրամաշնորհներ, որոնք ուղղված են եղել տրանսպորտի, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն: