Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 12:33
Նաիրա Բադալյան

1,2 մլրդ դրամ կհատկացվի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայության արդիականացմանը և ավտոպարկի համալրմանը

1,2 մլրդ դրամ կհատկացվի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայության արդիականացմանը և ավտոպարկի համալրմանը

Արմինֆո.Կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշում է ընդունել Արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը զեկուցել է, որ նախագծով նախատեսվում է գերատեսչությանը 1,2 մլրդ ՀՀ դրամ հատկացնել վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Նա նշել է, որ հրշեջ-փրկարարարական ջոկատները հիմնականում տեղակայված են 60-70-ական թվականներին կառուցված տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասով՝ 60 տոկոսից ավելին, մարտական հաշվարկների են դրված ԽՍՀՄ տարիների արտադրության մեքենաներ, որոնք հնամաշ են, ծախսատար և բացասաբար են ազդում աշխատանքի որակի վրա: Նախատեսվում է ձեռք բերել 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, ինչպես նաև վերանորոգել ԱԻՆ վարչական շենքի 2-րդ մասնաշենքը և բարելավել Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, կապիտալ նորոգել Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղին:

 

Վարչապետը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ հատկացվող գումարը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար: «Պարոն Փամբուխչյան, ինչպես պայմանավորվել ենք, այս դեպքում ևս՝ երբ նկատի ենք ունենում շենքի նորոգում, նշանակում է՝ այդ շենքում որևէ հին գույք այլևս պետք է չլինի: Իհարկե, եթե ձեզնից որևէ մեկը բախտ ունեցել է այցելել այս ՀՓՋ-ների տարածքները, կարծում եմ՝ տեսել եք, թե ինչ վիճակ է, որը պետության համար ուղղակի հանդուրժելի չէ: Երբեմն պետք չէ նկարներ տեսնել, դրանք ճանապարհների վրա են տեղակայված, և նույնիսկ վայրկյաններ մեքենայով անցնելիս կարելի է տեսնել վիճակը: Խոսքը միայն շենքային պայմանների մասին չէ: Տեխնիկայի բարելավման շրջանակում նախատեսվում է այս որոշմամբ թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12.5 տոկոսը: Ուզում եմ ընդգծել, որ այս տեխմիկայի թարմացման առումով ՀՀ-ն բավական շոշափելի աջակցություն է ստացել Ճապոնիայի կառավարությունից, ինչի համար շատ շնորհակալ ենք, նաև Ռուսաստանի Դաշնությունն է աջակցություն ցուցաբերել: Բայց սա մեր պարտավորությունն է՝ մենք պետք է մեր պետական ինստիտուտները կայացնենք: Խոսք է գնում նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկերի թարմացման մասին, որի ավելացումը կկազմի 20, 7 տոկոս», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հարցին ի պատասխան, թե մինչև տարեվերջ այս աշխատանքների իրականացումն իրատեսական է՝ ԱԻ նախարարը զեկուցել է, որ արդեն իսկ նախնական նախագծեր կան, և նախատեսվում է մինչև դեկտեմբերի 10-15-ը ավարտել գործընթացը:

 

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել մեկ այլ կարևոր խնդրի՝ բարձր ջերմաստիճանով պայմանավորված հրդեհային վտանգի և այդ ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների վրա: «Հարգելի գործընկերներ, երեկ այս թեմայով աշխատանքային քննարկում ենք ունեցել, և քանի որ հիմա ահազանգեր կան, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու, իմ հանձնարարականն է՝ ամեն ինչ անենք անտառային հրդեհներից և ընդհանրապես հրդեհներից խուսափելու համար: Այստեղ ամենակարևոր գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց որոշակի վարքագիծը բնության գրկում: Պիտի խնդրենք հակահրդեհային կանոնները խստիվ պահպանել: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է, որովհետև արևից անդրադարձով հրդեհ է բռնկվում:

 

Մեր հաջորդ խնդիրը այն է, որ ԱԻՆ-ը, նախ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի և երկրորդը՝ պատրաստ լինի նաև օպերատիվ արձագանքել եղած դեպքերին: Մենք նախորդ տարի 2 ուղղաթիռ ենք ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, և եթե չեմ սխալվում, արդեն փորձարկումներն իրականացրել ենք: Ամեն դեպքում, պարոն Փամբուխչյան, ևս մեկ անգամ կհամոզվեք, որ այդ ուղղաթիռներն իրոք գործունակ են, այսինքն՝ կա պատրաստված անձնակազմ, որն անհրաժեշտության դեպքում նաև պլան ունի, թե որ տեղանքում հրդեհ բռնկվելու պարագայում որտեղից է ջուրը վերցնելու՝ այդ ուղղաթիռները հընթացս ջուրը վերցնում են ջրամբարներից, ջրավազաններից, տեղափոխում են հրդեհի վայր և հրեդեհաշիջում են իրականացնում: Ամեն դեպքում պետք է համոզվել, որ անձնակազմն ու տեխնիկան, որ ունենք, պատրաստ են: Եվ, իհարկե, հանրային իրազեկումը: Այն մեկ անգամ պետք չէ անել, պարոն Հարությունյան, պետք է կարողանանք լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով անընդհատ այդ ահազանգը հնչեցնել, որովհետև մարդիկ անտառներում էլ են հեռախոսներով: Այնպես անենք, որ հեռախոսների էկրաններին հնարավորինս հաճախ այդ ահազանգը հնչի՝ խնդրանքով, ակնկալիքով, որ հակահրդեհային կանոնները պահպանվեն: Սա էլ է այն դեպքերից, որ մեկ անգամ հայտարարություն անելով կամ Կառավարության նիստում ասելով չէ: Պետք է անընդհատ մարդկանց այդ ուղերձը տրվի՝ որ շատ վտանգավոր վիճակ է, և պետք է ամեն ինչ անենք, որ տեղի չունենան վատ զարգացումներ»:

 

Ա. Փամբուխչյանը վստահեցրել է, որ ԱԻՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը, կատարվում են վարժանքներ, ինչպես նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ իրազեկման միջոցառումներ են իրականացվում թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսվարողների շրջանում: