Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 16:45

ԵԱԶԲ. Ծառայություններն ու առեւտուրը՝ Հայաստանում տնտեսական ակտիվության հիմնական դրայվեր 

ԵԱԶԲ. Ծառայություններն ու առեւտուրը՝ Հայաստանում տնտեսական ակտիվության հիմնական դրայվեր 

Արմինֆո. Հաշվի առնելով II եռամսյակի՝ սպասվածից զգալիորեն ավելի ուժեղ ցուցանիշը, եւ III եռամսյակում դիտարկվող ակտիվության պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսական աճն ընթացիկ տարում կգերազանցի ԵԱԶԲ-ի հիմնական կանխատեսումը:

Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծական աշխատանքի տնօրինության երկրների վերլուծության կենտրոնի վերլուծական խմբի հերթական "Մակրոտնտեսական ամփոփագրում": Նշենք, որ մայիսին բանկը Հայաստանի համար կանխատեսել էր 2022 թվականին ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչեւ 1 տոկոս՝ 2023 թվին մինչեւ 3,5 տոկոս արագացմամբ:

 

Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, Հայաստանի տնտեսությանն աջակցություն են ցուցաբերում ծառայությունների, առեւտրի, շինարարության եւ, ավելի պակաս չափով, արդյունաբերության հատվածները: Առեւտրի եւ ծառայությունների հատվածների աճը բացատրվում է ակտիվ զբոսաշրջային սեզոնով եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից պահանջարկի ընդլայնմամբ: Դա երեւում է սպառողական եւ ֆինանսական հատվածներում: Արդյունաբերությանն աջակցել են մշակվող ճյուղերը, իսկ շինարարության ծավալներն ավելացել են ոլորտի վարկավորման ուժեղացման և հիփոթեքային վարկավորման կայուն աճի ֆոնին։

 

Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, տեղեկատվության եւ կապի, տրանսպորտի, բնակության եւ սննդի կազմակերպման ոլորտների ընդլայնումը, վերլուծաբանների կարծիքով, կապված է պահանջարկի ուժեղացման հետ՝ ոչ ռեզիդենտների թվի ավելացման, միջազգային կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ներհոսքի ավելացման, ինչպես նաեւ դրամական փոխանցումներով ներքին պահանջարկի աջակցության ֆոնին: Ակնկալվում է, որ նշված գործոնների ազդեցությունը պահանջարկի վրա կպահպանվի ընթացիկ տարվա III եռամսյակում:

 

Վերամշակող արդյունաբերության աճը բացատրվում է ինչպես երկրի ներսում պահանջարկի ընդլայնմամբ, այնպես էլ արտասահմանյան մատակարարումներով։ Հանքարդյունաբերության ոլորտի բացասական դինամիկան պահպանվում է. հունվար-մայիսին անկումը կազմել է 12,1 տոկոս ' Թեղուտի հանքավայրի աշխատանքների կասեցման ֆոնին:

 

Մինչդեռ, շինարարության հատվածի կայուն դինամիկան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսությանը։ Շինարարական աշխատանքների ծավալները մայիսին աճել են 18,1 տոկոսով (հունվար-մայիսին ՝ 11,4 տոկոսով)։ Արագացմանը նպաստել է կազմակերպությունների հաշվին ֆինանսավորվող շինարարությունը։ Աշխատանքները կենտրոնացված են անշարժ գույքին առնչվող ոլորտներում՝ հիփոթեքի եւ շինարարության վարկերի աճի բարձր տեմպերի ֆոնին (մայիսի դրությամբ, համապատասխանաբար, 32% գ/գ եւ 20% գ/գ):

 

Դոլարի եւ եվրոյի նկատմամբ հայկական դրամի արժեւորման միտումը պահպանվել է մայիս-հունիսին։ Հունիսի վերջին դրամը դոլարի եւ եվրոյի նկատմամբ արժեւորվել է, համապատասխանաբար, 17,9% գ/գ-ով եւ 28,2% գ/գ-ով եւ արժեզրկվել է ռուսական ռուբլու նկատմամբ 14,3% գ/գ-ով: Դրամի արժեւորմանը նպաստել է ինչպես առաջարկի ավելացումը, այնպես էլ արտարժույթի շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկի նվազումը, ինչպես նաեւ հայկական դրամի նկատմամբ պահանջարկի բարձրացումը: Դրա վրա ազդել է Ռուսաստանի հետ առևտրային գործառնություններում ռուբլու նշանակության մեծացումը և մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք ազգային արժույթի նկատմամբ պահանջարկ են ձևավորել։

 

Դրամական փոխանցումների ներհոսքն, իր հերթին, լրացուցիչ ընդլայնել է սպառողական պահանջարկը և, հետևաբար, պահանջարկը հայկական դրամի նկատմամբ: Դրամի արժեւորումը արտարժույթի ծավալների զգալի ներհոսքի ֆոնին կարող է բացասաբար անդրադառնալ արտահանողների եկամուտների վրա՝ կարճաժամկետ շրջանում, նվազեցնել գնային մրցունակությունը, սահմանափակել արտահանման աճը:

 

Հայաստանում գնաճը հունիսին արագացել է մինչև 10,3% գ/գ՝ մեկ ամիս առաջ 9,0%-ից հետո։ Հունիսին սպառողական գների դինամիկան որոշվել է սննդամթերքի (հիմնականում, հացահատիկային մթերքների եւ բանջարեղենի), ծառայությունների (տրանսպորտի եւ հանգստի կազմակերպման) եւ ոչ պարենային ապրանքների (վառելիքաքսուքային նյութերի) թանկացմամբ:

 

Մայիս-հունիս ամիսներին ծառայությունների արժեքի բարձրացումը, հիմնականում, պայմանավորված է ոչ ռեզիդենտների կողմից պահանջարկի ավելացմամբ եւ այդ առնչությամբ ծառայությունների արտահանման ուժեղացմամբ: Ներկրվող ապրանքների գների աճի համար զսպող գործոն է եղել ընթացիկ տարվա մայիս - հունիս ամիսներին դրամի փոխարժեքի ամրապնդումը։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հունիսի 15-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 9.25%-ի մակարդակում: Դրամի արժեւորումը ծառայությունների արտահանման զգալի աճի և ֆինանսական միջոցների ներհոսքի ֆոնին զսպում է գնաճը՝ կարգավորողին թույլ տալով չփոխել տոկոսադրույքի մակարդակը։

 

Դրա հետ մեկտեղ, պահպանվում է գների վրա արտաքին ճնշումը, լրացուցիչ գնաճամետ ազդեցություն է գործում ոչ ռեզիդենտների կողմից սպառողական պահանջարկի ընդլայնումը։