Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 17:21
Նաիրա Բադալյան

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը հաստատել են.  տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կակտիվացնի տնտեսական շփումները

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը հաստատել են.  տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կակտիվացնի տնտեսական շփումները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:

 

Վիտալի Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:

 

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին: