
Արմինֆո.Այսօր FLYONE ARMENIA-ն ապահովում է թռիչքների ամենալայն ցանցը։ Այդ մասին հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Մասնավորապես, նրա հավաստմամբ, FLYONE ARMENIA-ն ամեն օր իրականացնում է 2 չվերթ դեպի "Վնուկովո" միջազգային օդանավակայան, 5-ը՝ "Դոմոդևո", 4-ը' Սոչիի օդանավակայան, 7-ը՝ Քիշնեւ եւ այլն: "Ամեն օր մենք Հայաստանից բերում եւ տանում ենք մինչեւ 2000 ուղեւոր", - ընդգծել է Անանյանը: Նա
նշել է, որ ընկերության առջեւ նպատակ է դրված ավելացնել ինչպես աերոբուսների թիվը, այնպես էլ թռիչքների ուղղությունները: Այսօրվա դրությամբ, FLYONE ARMENIA-ի ղեկավարի խոսքով, ավիաընկերությունն ունի 3 ինքնաթիռ՝ երկու Airbus A320 եւ մեկ Airbus A319:
Խոսելով նոր ուղղությունների մասին ՝ Անանյանը նշել է, որ առաջիկայում ծրագրում են Թեհրանն ու այնպիսի ռուսական քաղաքներ, ինչպիսիք են Մինվոդին, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը:
Պատասխանելով Բեյրութի վերաբերյալ հարցին, որի ուղղությամբ չվերթները դադարեցվել են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների արգելքի պատճառով, նա ընդգծել է, որ հայկական կողմն արդեն դիմել է վերջինիս, սակայն թույլտվություն դեռ չի տրամադրվել: Վկայակոչելով նույն իրավիճակը, որը նախկինում տեղի էր ունեցել Լիոնի և Փարիզի ուղղությամբ չվերթների հետ, Անանյանը նշել է, որ այսօր դեպի ֆրանսիական այդ քաղաքներ թռիչքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն: "Հուսով ենք, որ կկարողանանք վերականգնել մեզ համար կարևոր այս ուղղությունը։ Մենք եւ լիազոր մարմիններն այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Թույլտվություն չտրամադրելու որեւէ ավիացիոն պատճառ չեմ տեսնում։ Կարծում եմ, որ հարցը կլուծվի", - ասել է նա։
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 25-ին ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց օդային տարածքը Երևանից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ թռիչքներ իրականացնելու համար։ Այդ կապակցությամբ ավիաընկերությունը հայտարարել է, որ այդ ուղղությամբ չվերթները չեղարկվում են՝ մինչեւ հուլիսի 21-ը: Դեպի Բեյրութ կանոնավոր չվերթները գործարկվել են ս. թ. հունիսի 20-ին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Անանյանը հայտնել էր, որ այս տարի ընկերությունը նախատեսում է ավելացնել մի քանի ուղղություններ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, փոխադրումներ իրականացնել դեպի Թեհրան եւ Բեյրութ: Բացի այդ, դիտարկվում է ՀՀ քաղաքացիների կողմից պահանջված հանգստի գոտիների ուղղությամբ չարթերային չվերթներ իրականացնելու հնարավորությունը ։
Նշենք, որ FLYONE ARMENIA (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է օդանավի շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ կոդը և ICAO FIE եռանիշ կոդը։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին: Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում, և ներկայումս ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ: FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, ներառյալ լրացուցիչ ծառայությունները, կարելի է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաեւ բոլոր գործընկեր ընկերությունների գրասենյակներում: