Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022 15:16
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախարարն ու ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ նախագծերի իրականացումը

Ֆինանսների նախարարն ու ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ նախագծերի իրականացումը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երեւանի էներգախնայողության եւ տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:

 

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: «ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ձեւավորված երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:

 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵԻԲ) Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական հաստատությունն է, որի գործառույթն է երկարաժամկետ ֆինանսական աջակցության տրամադրումը ներդրումային ծրագրերին: Այն հիմնադրվել է 1958թ. և ներկայումս գործում է ոչ միայն ԵՄ անդամ պետություններում, այլև ավելի քան 150 երկրներում, որտեղ ԵՆԲ-ը հիմնվում է ԵՄ արտաքին համագործակցության և քաղաքական զարգացման բնագավառների վրա (մասնավոր հատված, ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկ անվտանգություն և էկոլոգիական կայունություն)։ 2008թ. փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում և փետրվարի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ԵՆԲ-ի միջև ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, որով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ԵՆԲ-ի գործունեությունը: Համաձայնագրի նպատակն է հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը՝ վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով: