Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է Ավստրիական զարգացման գործակալության (Austrian Development Agency - ADA) համար համագործակցության առումով առաջնահերթ երկրների ցանկում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
"Ավստրիական Զարգացման Գործակալության փոխտնօրեն Հայնց Հաբերթեուերի և համագործակցության երկրների ղեկավար Վոլթեր Էյմեյերի հետ քննարկեցինք գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ավստրիական Զարգացման Գործակալությունը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ, որի արդյունքում Հայաստանը ներառվեց համագործակցության առումով առաջնայնություն ունեցող 11 երկրների ցանկում", - գրել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանում գործարկել է օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնությունը (OASI)՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Նախագիծն ուղղված էր օրգանական գյուղատնտեսության զարգացմանը և Հայաստանի օրգանական արտադրանքի իրացմանը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 3.3 մլն եվրո։
2020 թվականին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ ADA - ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է փորձագիտական խորհրդատվություն եւ խորհրդատվական աջակցություն գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման, օրենսդրական բազայի կատարելագործման, Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցերում:
Բացի այդ, 2022 թվականի սկզբին Եվրամիությունը Հայաստանում գործարկել է "ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսների եւ շրջակա միջավայրի տվյալները" նոր ծրագիրը, որն ուղղված է երկրի բնական ռեսուրսների պահպանմանը, քաղաքացիների առողջության եւ բարեկեցության բարելավմանը եւ կայուն զարգացման նպատակներին հասնելուն: Բյուջեն կազմում է 12,75 մլն եվրո։ Ծրագիրը կիրականացվի երկու տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի կողմից, որոնց թվում է Ավստրիական զարգացման գործակալությունը:
Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը Հայաստանում բացվել է 2022 թվականի սկզբին Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդեր Շալենբերգի Հայաստան այցի շրջանակում: