Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի բաժնետիրական կապիտալում Ռուսաստանի մասնաբաժնի մի մասի գնման հնարավորության շուրջ բանակցություններ են ընթանում ԵԱԶԲ - ի հիմնադիր բոլոր երկրների հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։
Օգոստոսի 9-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատժամիջոցների ռիսկի պատճառով կարող է Ղազախստանի օգտին նվազեցնել ԵԱԶԲ-ի բաժնետիրական կապիտալում մասնակցության մասնաբաժինը:
"Բանակցություններ, իրոք, ընթանում են", - հաստատել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը, նշելով այն բանի ակնհայտությունը, որ, եթե խոսքը բաժնետոմսերի վերաբաշխման մասին է, ապա դրա համար անհրաժեշտ է բանկի բոլոր բաժնետերերի համաձայնությունը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ղազախստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Երուլան Ժամաուբաեւը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները քննարկում են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) բաժնետիրական կապիտալում Ռուսաստանի մասնաբաժնի մի մասի հնարավոր գնման հարցը, սակայն, վերջնական որոշում չկա: "Ընդհանուր առմամբ նման հռետորաբանություն կա, չենք ժխտում։ Դա, իրոք, քննարկվում է աշխատանքային իրադրությունում։ Բայց վերջնական որոշում դեռ չկա, քանի որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ մասնաբաժին կառաջարկվի, արդյոք մյուս երկրները պատրաստ են գնել որոշակի մասնաբաժին, և որքանով դա վնասակար կլինի՝ ֆինանսների տեսանկյունից", - ասել է նա, հավելելով, որ քննարկման որոշակի ժամանակային շրջանակ դեռ չկա։ "Սակայն ԵԱԶԲ-ը բավականին կայուն է աշխատում, և առայժմ պատժամիջոցներն այդ բանկին խիստ չեն առնչվում", - պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ. ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Հունիսի 30-ի դրությամբ ԵԱԶԲ-ը Հայաստանում ֆինանսավորել է, ընդհանուր առմամբ, 419,6 մլն դոլարի 20 ներդրումային նախագիծ, որը կազմում է բանկի ընդհանուր ներդրումային պորտֆելի 3,5%-ը: Ընթացիկ տարվա օգոստոսին ԵԱԶԲ-ը Երեւանում շուրջ 100 մլն դոլարի ընդհանուր գումարի երեք համաձայնագիր է ստորագրել:
Նշենք, որ բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Ղազախստանին բաժին է ընկնում բաժնետոմսերի 30 տոկոսը, մնացած մասնակիցները ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, ունեն 1 տոկոսից պակաս մասնաբաժին: Ներկայումս քննարկվում է Ռուսաստանի մասնաբաժինը մինչեւ 50 տոկոս կրճատելու հարցը։