Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2022 12:57
Մարիաննա Մկրտչյան

Վիկտորին. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն

Վիկտորին. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն

Արմինֆո. Հայաստանի տնտեսական զարգացումը վերջին տարիներին թույլ է տվել առաջընթաց գրանցել երկրում՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների մակարդակից անցում կատարելով դեպի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մակարդակ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Սա ինքնին հիանալի նորություն է և վկայում է այն մասին, որ Հայաստանում տնտեսական  աճ է գրանցվել:

Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ռեժիմի ավարտը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների վրա:

 

«Նախորդ ժամանակահատվածում GSP+ ունենալը կոչված էր աջակցելու երկրի կայուն զարգացմանը: Ըստ Եվրամիության GSP կանոնակարգերի և դրույթների՝ այն պահից, երբ երկիրը երեք տարի անընդմեջ, և  մեկ տարի անցումային շրջանը ևս, դասակարգվում է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այն  կորցնում է ԵՄ-ի կողմից միակողմանի առևտրային զիջումներ արտոնող «GSP+»-ի շահառու լինելու կարգավիճակը: Այսինքն՝ 2021 թ. հունվարից Հայաստանն այլևս դադարել է օգտվել ներկրման այս արտոնյալ սակագներից: Ինչ վերաբերում է հետևանքներին՝ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա GSP-ի ավարտը Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի վրա: Ավելին, դժվար կլինի միմյանցից զատել GSP-ի ավարտի հետևանքները և ներկայումս համաշխարհային տնտեսության վրա ներազդող հիմնական մակրոտնտեսական գործոնները: Թույլ տվեք ընդգծել, որ ազդեցություն լինում է միայն հայկական արտադրության ապրանքների մասով, նկատի ունեմ հայկական արտադրության ապրանքների ներմուծումը դեպի Եվրամիություն, բայց ՀԸԳՀ-ի միջոցով մենք դռներ ենք բացում այլ ուղղությունների համար, ինչը, հույս ունեմ, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և Հայաստան-Եվրամիություն  առևտրի վրա: Այս պահին Եվրամիությունը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Ռուսաստանից հետո», - ասել է դեսպանը:

 

Ընդ որում, դիվանագետը նշել է արտադրության ավելի բարձր չափորոշիչների սահմանմանն ուղղված նոր մեխանիզմների առկայությունը, որոնք օգուտ կբերեն թե եվրոպական, թե հայ արտադրողներին: «Մենք խրախուսում ենք հայկական ընկերություններին ավելացնել ապրանքների և ծառայությունների վաճառքները, ինչը կնպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: ՀԸԳՀ-ն նաև նախատեսում է մի քանի այլ դրույթներ, օրինակ՝ մտավոր սեփականության իրավունքի  պաշտպանության համակարգի ամրապնդման մասով: Սա նշանակում է, որ ե՛ւ հայկական ընկերությունները, ե՛ւ արվեստագետները (սա նաև շատ կարևոր է մշակութային, ստեղծագործական և նորարարական բարձրորակ արտադրանք վաճառելու համար) այժմ կկարողանան ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կուռ համակարգերին՝ ինչպես Եվրամիության դեպքում է: Սա նաև կնպաստի Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավմանը», - հավելել է Վիկտորինը՝ «Արմենպրեսի» հարցազրույցում:

 

Դիվանագետը պատմել է ծառայությունների առևտրի բացմանն աջակցության մասին, ինչը նշանակում է նոր հնարավորությունների ընձեռում, ծառայությունների ոլորտի բազմաթիվ ձևերի երկկողմ առևտրի ազատականացում, օրինակ՝ վարձակալության/լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական և տրանսպորտային ծառայությունների մատուցման բնագավառներում: «Դա ենթադրում է, որ հայկական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել ԵՄ-ում և հակառակը: ՀԸԳՀ-ն նաև պատուհան է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև պետական գնումների համար՝ հնարավորություն տալով հայ գործարարներին մասնակցել պետական գնումների մրցույթներին ԵՄ-ում և հակառակը: Տրամադրվում է փոխադարձ լրացուցիչ մուտք աշխատանքների կոնցեսիաների շուկա, օրինակ՝ ջրամատակարարման և այլ հանրային ծառայությունների մասով:  Մասնավորապես այն փաստը, որ ԵՄ-ն բացում է ծառայությունների շուկան և պետգնումների մրցույթներին մասնակցելու հնարավորությունը, կարող է շատ դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա», - ընդգծել է դիվանագետը:

 

Անդրադառնալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործիքների օգտագործմամբ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ Վիկտորինը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀԸԳՀ-ն նախատեսում է կարգավորումներ, որոնք մի կողմից պաշտպանում են արտադրողներին ե՛ւ ԵՄ-ում, ե՛ւ Հայաստանում, իսկ մյուս կողմից բացում են նոր շուկաներ: «Կարծում եմ՝ մենք իսկապես շարժվում ենք դեպի համագործակցության նոր ոլորտներ, օրինակ՝ դեպի ստեղծարար արդյունաբերություն: Դրանք շատ կարևոր են նաև ԵՄ-ում: Նախորդ շաբաթ մենք ստորագրեցինք «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի վերաբերյալ պայմանագիրը, որի շրջանակներում աջակցելու ենք Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Տեսնում եմ մեկ այլ բնագավառ ևս. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն: Այսպիսով,  կարծում եմ՝ համագործակցության ոլորտները շատ են, և դա դրական ազդեցություն կունենա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա», - նշել է դիվանագետը:

 

Դեսպանն ընդգծել է, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, հատկապես, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում: «Ներգրավված ենք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներում, որը կավարտի այս տարեվերջին: Հուլիս ամսին քննարկում ծավալեցինք այս ոլորտում համագործակցության վերաբերյալ և անհամբերությամբ ակնկալում ենք համագործակցություն 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի շուրջ: ԵՄ պատվիրակությունը համագործակցում է ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլև, ինչպես արդեն նշել եմ, սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Աջակցում ենք մարդու իրավունքների դաշտում աշխատող ոչ-կառավարական կազմակերպություններին: Ծրագիր ենք իրականացնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և սերտորեն համագործակցում ենք նրա հետ: ՀՀ ՄԻՊ-ի հետ մշտական կապի մեջ եմ՝ մտահոգիչ հարցերի շուրջ», -ասել է դիվանագետը, հավելելով, որ Հայաստանի պետական բյուջե է փոխանցվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված հերթական տրանշը, որը կազմում է ավելի քան 8 մլն եվրո, քանի որ երոպական կառույցների կողմից  որոշում է ընդունվել  շարունակելու համագործակցությունը արդարադատության ոլորտում, ինչը տեղի է ունենում միայն, եթե նախկին համագործակցությունը հաջող է գնահատվել: «Ընդհանուր առմամբ Եվրամիության կողմից սահմանված է բյուջետային աջակցության հատկացման կանոնների և պայմանների շատ խիստ համակարգ: Վերոնշյալ փոխանցումը հավաստում է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների նկատմամբ մեր վստահության մասին: Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ կան խնդիրներ, և անհրաժեշտ է շարունակել  ջանքերը, բայց Հայաստանն իրականացնում է ստանձնած  բարեփոխումները: Ներկա պահին մենք նախապատրաստում ենք այս ոլորտում բյուջետային աջակցության նոր ծրագիր և հույս ունենք, որ այն կհաստատվի մինչև տարեվերջ», - ասել է դեսպանը:

 

«Մի քանի շաբաթ առաջ ազդարարեցինք մի նոր Թվինինգ ծրագրի մեկնարկը:  Ծրագիրն  ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Գերմանիայից ու Լատվիայից հրավիրված փորձագետների հետ միասին: ԵՄ-ն և Հայաստանը համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել և գործի են դնում  տարբեր գործիքակազմեր», - հավելել է Վիկտորինը:

 

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրմանը՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ դա պետք է որոշի Հայաստանը, որը սահմանում է համագործակցության տեմպերը: «Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»: Այստեղից էլ բխում է  «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը: Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ: Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել վերջին տարիների մեր համագործակցության տեսանելի դրական արդյունքը: ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում: Եթե ինձ հարցնեք՝ արդյոք տեղին է ավելի խորացնել Եվրոպական միության հետ կապերը, բնականաբար, ես միշտ էլ կողմ կլինեմ նման  որոշման, քանի որ ես հաստատակամ եվրոպացի եմ: Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և  անդամ պետությունների  ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է:  Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում», - հավաստիացրել է դիվանագետը:

 

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ ծրագրերին ու նախագծերին՝ դեսպանն ընդգծել է , որ Հայաստանը չի սահմանափակվում Երեւանով, կարեւոր է զարգացնել նաեւ մարզերը:

 

«Արդեն մի քանի տարի է՝ մեր համագործակցության թիրախ ենք սահմանել երեք մարզերը՝ Լոռին, Շիրակը և Տավուշը, որտեղ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ նորարարության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման ուղղությամբ: ԵՄ-ն Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին ակտիվորեն աջակցում է «կանաչ» գյուղատնտեսության զարգացմանը: Բերեմ մեկ այլ օրինակ. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակում  աջակցում ենք  մարզերի և հատկապես գյուղական համայնքների զարգացմանը՝ խթանելով տեղական իշխանությունների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը, որի միջոցով՝  մշակվում են համայնքների զարգացման խթանմանը միտված համատեղ ծրագրեր՝ կրկին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում: 2021 թ. ՀՀ  կառավարության խնդրանքով, մեր աջակցությունն ուղղել ենք դեպի հարավ՝ մի շարք ծրագրեր ենք  իրականացնում  Սյունիքում՝ մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով», - ասել է դիվանագետը:

Որպես կարեւոր ուղղություններ նա նշել է նաեւ աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, կրթական ոլորտին եւ մշակույթին: