Արմինֆո. Եթե "Սուրմալու" առևտրի կենտրոնի աշխատակիցներն ապահովագրեին իրենց գույքն ու բիզնեսը, այսօր նրանք վնասի փոխհատուցման խնդիր չէին ունենա։ Այդ մասին օգոստոսի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ գրագետ գործարարները միշտ ապահովագրում են իրենց գույքը։ "Նրանք, ովքեր ապահովագրել են, փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերությունների միջոցների հաշվին: Կառավարությունն օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման գործառույթներ չունի, քանի որ դա ապահովագրական գործակալությունների իրավասության շրջանակում է։ Իսկ եթե գործարարը չի ցանկացել ապահովագրել իր ռիսկերը, ապա կառավարությունն այդ հարցում անելիք չունի", - ասել է նախարարը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, կառավարության սոցիալական բլոկի գործընկերները զբաղվում են այդ խնդրի լուծմամբ։ "Ամեն դեպքում, Հայաստանում բիզնեսը պետք է, վերջապես, սովորի աշխատել բարձր չափորոշիչներով, եւ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ապահովագրել շրջանառու միջոցներն ու անշարժ գույքը, նա պետք է դա անի, այլ ոչ թե կառավարությունից ակնկալի իր թերությունների շտկում", - արձանագրել է էկոնոմիկայի նախարարը, հավելելով, որ կառավարությունը չի փոխհատուցի առեւտրականների կրած վնասը:
Նա հիշեցրել է միասնական ստանդարտների կիրառման մասին վարչապետի բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնց բացակայությունը շատ լուրջ խնդիր է երկրի համար։
"Դժվար է հաջողություն ակնկալել, երբ չկա հարգանք օրենքների եւ ստանդարտների նկատմամբ: Ինչ կարելի է ակնկալել, եթե սրճարանում շատերը ինչպես ծխել են, այնպես էլ շարունակում են ծխել, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Նման պահվածքը չի կարող հանգեցնել ազգի զարգացման, որն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն եւ խաղաղ զարգացման համար", - ընդգծել է Քերոբյանը։