Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022 10:01
Ալեքսանդր Ավանեսով

Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը

Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը

Արմինֆո.Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գիծ։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

 

Ըստ աղբյուրի, էլեկտրահաղորդման գծի բացման արարողությունը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգում: Աղբյուրը նշում է, որ այդ նախագիծը էլեկտրաէներգիային առնչվող 2 հազար նախագծերից մեկն է: Հերիս-Մեղրի էլեկտրահաղորդման 90-կիլոմետրանոց գծով կարելի է Հայաստան արտահանել 400 կիլովատ իրանական էլեկտրաէներգիա։

 

Հիշեցնենք, որ 400 կիլովոլտ հզորությամբ այդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը նախատեսվում էր ավարտել դեռ 2019-ին։ Նախագծի արժեքը կազմում է 107 մլն դոլար, որն ավելի վաղ հատկացվել էր իրանական կողմից։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ զուգահեռաբար պետք է կառուցվեր նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծ, ինչը հնարավորություն կտար ստեղծել "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցք, սակայն երթուղու սխեմայի փոփոխությունը, տարածաշրջանում իրավիճակի զարգացումները մշտապես հետաձգում էին 326,9 մլն եվրո արժողությամբ այդ ծրագրի իրականացումը: